2013-ին Վանաձորում կկառուցվի բժշկական նոր կենտրոն, կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2013 թվականին, ի թիվս այլ ծրագրերի, Վանաձորում կկառուցվի բժշկական նոր կենտրոն, կվերանորոգվի ու կարդիականացվի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, կիրականացվի «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցած հանրային լսումների ընթացքում քննարկվել են այդ ծրագրերի բնապահպանական կառավարման կառուցվածքին վերաբերող հարցեր:
Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանը ներկայացրել է «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի հիմնական բաղադրիչները և նպատակները: Նշել է, որ ծրագրի շրջանակներում սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն զանգվածային սկրինինգներ, Վանաձորի բժշկական կենտրոնի համար կկառուցվի նոր շենք, իսկ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կարդիականացվի` բարձրդեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի հիմնադրմամբ:
Այնուհետև շրջակա միջավայրի մասնագետ Վռամ Թևոսյանը ներկայացրել է նշված աշխատանքների Բնապահպանական կառավարման ծրագրի հիմնական դրույթները, որոնք ձևավորվել են շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության և ռիսկի գործոնների ուսումնասիրման և գնահատման արդյունքում:
Ի պատասխան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի մտահոգության, թե Ոռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման ընթացքում արդյո՞ք ապահովվում է ընդերքային ջրերի աղտոտման կանխումը, պարզաբանվել է, որ հեղուկ թափոններով ընդերքային ջրերի աղտոտումը կկանխվի ջրահեռացման փակ համակարգի ստեղծման ճանապարհով: Իսկ Վանաձորի համայնքի ներկայացուցչին անհանգստացնում էր դիարանի տեղակայման հարցը։ Այս առթիվ նշվել է, որ դիարանը չի տեղակայվելու նորակառույց համալիրի տարածքում, ուստի չի երևալու պալատներից:
Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ բարձրաձայնվել են մի շարք այլ հարցեր, որոնց ոլորտի պատասխանատուների կողմից տրվեցին պարզաբանումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին