Ս. Սաֆարյան. 2012-ը ձգձգվող կոնֆլիկտների տարի էր
«2012-ը ձգձգվող կոնֆլիկտների տարի էր, և խորհրդարանական ընտրություններն ի զորու չեղան լուծելու քաղաքական ուժերի միջև հասունացած կոնֆլիկտները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով անցնող տարվա քաղաքական զարգացումները, նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Իշխող կուսակցությունը և Սերժ Սարգսյանը որևէ մեթոդի առաջ կանգ չառան՝ թուլացնելու ընդդիմադիր ճակատը»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ընդդիմադիր ուժերի ռազմավարական ձախողումը հանգեցրեց նրան, որ ո՛չ ԲՀԿ-ն, և ո՛չ էլ ՀԱԿ-ը չկարողացան գալիք նախագահական ընտրություններում թեկնածուներ առաջադրել:
«ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությունն ավարտվեց բավականին վաղ, որը ծանր վիճակ ստեղծեց ՀԱԿ-ի համար: Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծություն» ռազմավարության ձախողումն ու ՀԱԿ-ի ներսում առկա հակասություններն են այն հիմնական պատճառները, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրեց իր թեկնածությունը: ՀԱԿ-ն այժմ կանգնած է գոյություն ունենալու կամ չունենալու խնդրի առաջ»,- ընդգծեց Ս. Սաֆարյանը:
Վերջինս պատահական չհամարեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, որը, ըստ նրա, ունի մեկ նպատակ՝ փորձել շահել ՀԱԿ-ի կորսվող էլեկտորատը:
Բանախոսի դիտարկմամբ, նախագահական ընտրությունների նախաշեմին առկա է շփոթահար և հիասթափված էլեկտորատ, որին հույս էր տրվել, թե կլինի միասնական թեկնածու, որը, սակայն, տեղի չունեցավ:
«Չեմ կիսում այն կարծիքը, թե խաղի ելքը կանխորոշված է: Հայաստանում միասնական թեկնածուի հարցը վերածվել է ընդդիմադիր հիմնական թեկնածուի հարցի, և ես կարծում եմ, որ այդ հիմնական թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ստեղծված իրավիճակում «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դառնում է առկա թեկնածուների մեջ ամենածանրակշիռ և իշխանության առաջին մրցակիցը»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը: