«Երիտասարդ կոմպոզիտորների գործերը չեն կատարվում»
Այսօր Հայաստանում չկա գոնե մեկ նվագախումբ, անսամբլ, որ կատարի հայ երիտասարդ կոմպոզիտորների գործերը: Panorama.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց երիտասարդ կոմպոզիտոր Հովիկ Սարդայանը:
Նրա կարծիքով, պետք է գործի գոնե մեկ անսամբլ, որ կատարի երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները, նաև պատվիրի: «Երիտասարդ կոմպոզիտորները նվագախմբի հետ շփվելու հնարավորություն պետք է ունենան»,- ընդգծեց նա:
Երիտասարդ արվեստագետի խոսքով, Կոմպոզիտորների միությունը կազմակերպում է փառատոն` նվիրված երիտասարդ կոմպոզիտորներին, սակայն մասնակցում են միայն հենց միության անդամ կոմպոզիտորները: Հ. Սարդարյանը սովորում է Կոնսերվատորիայի երրորդ կուրսում, միության անդամ չէ: Հ. Սարդայանն ասաց, որ չնայած առկա խնդրիներին, ինքը շարունակում է ստեղծագործել:
Վերջերս երիտասարդ կոմպոզիտորը մասնակցել է Իտալիայում կազմակերպված «Արևելք-Արևմուտք» մրցույթին, ներկայացվել է նրա նոր «Fuming flames» («Ծխացող կրակը») ստեղծագործությունը ու հաղթել: Մրցույթը նվիրված է եղել Սայաթ-Նովայի 300-ամյակին: