Դ. Բաբայան. Միջազգային ճանաչման տեսանկյունից Արցախի համար տարին հաջող էր
Արցախում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, սկսենք արտաքին ոլորտից, ինչպիսի՞ զարգացումներ կառանձնացնեիք:
-Արցախի արտաքին քաղաքականության հայեցակարգը երեք հիմնական հարցեր է պարունակում՝ հակամարտության կարգավորում, երկկողմ հարաբերությունների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում: Այս երեք դրութներից 2-ում՝ մեծ հաջողություններ ենք գրանցել, իսկ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների համար այս տարին հաջողված չէ:
-Կմանրամասնե՞ք:
-2012թ ես կհամարեի որպես ամենաանհաջող տարին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, քանի որ պաշտոնական Բաքվի կողմից վարած քաղաքականությունը փակուղի է մտցրել գրեթե ամբողջ բանակցային գործընթացը: Այն առաջին հերթին դա դրսևորվեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումով և անմիջապես հերոսացումով: Ադրբեջանը ոչ միայն հարված հասցրեց բանակցային գոծընթացին, այլ առհասարակ կոպտագույն խախտում թույլ տվեց մարդու իրավունքների, միջազգային և բարոյական նորմերի տեսանկյունից: Այս իրավիճակը հաշվի առնելով դժվար է 2013 թվականին դրական զարգացումներ ակնկալել, քանի որ 2012 թվականի թողած այդ վատ հետքը, այդ գործընթացի համար դեռ շատ երկար կմնա որպես խոչընդոտ:
-Այդ դեպքում, ո՞ր տեսանկյունից եք տարին դրական համարում:
-2012թ բավականին հաջող էր Արցախի միջազգային ճանաչման, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել, մի շարք բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակություններ են պաշտոնական և ոչ պաշտոնական այցով ժամանել Արցախ: Հաճախակի է շրջանառության մեջ դրվել Արցախի ճանաչման հարցը և՛ Ուրուգվայի, և՛ մի շարք այլ պետությունների կողմից: Դրանից բացի, մեզ համար շատ կարևոր է Շոտլանդիայի, Կատալոնիայի անկախացման գործընթացները, որի սկիզբ կարելի է համարել հենց 2012 թվականը:
-Եթե անցում կատարենք ներքին զարգացումներին, ապա այստեղ ի՞նչ հիմնական իրադարձություններ կառանձնացնեիք:
-Այս տարի ողջ հայ ժողովուրդը նշեց Շուշիի ազատագրման, պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակը, որի առթիվ զորահանդես ացկացվեց: Տոնական միջոցառումներին մասնակցեցին ինչպես մեր հայրենակիցները Սփյուռքից, այնպես էլ մեծ թվով արտասահմանցիներ: Տարին կարևոր էր նրանով, որ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններ, որն անցավ ժողովրդավարության չափանիշներին համահունչ և մեծ գնահատականի արժանացավ միջազգային դիտորդների կողմից:
Արցախում մեծ առաջընթաց է նկատվում տնտեսության ոլորտում, մասնավորապես հանքարդյունաբերության, էներգետիկայի և ճանապարհաշինության ոլորտներում: Համեայնդեպս, բոլոր ոլորտներում նկատվող դրական զարգացման դինամիկան ակնհայտ է: