Ատելության վրա հիմնված քաղաքականությանը պետք է վերջ դնել
Անդրադառնալով ընտրություններին չմասնակցելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը` «Голос Армении»-ն գրում է, որ վերջինս լքում է քաղաքականությունը միայնության մեջ և դա «Ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսի արդյունքն է: Ըստ թերթի` թե´ ՀԱԿ առաջնորդը, թե´ ԲՀԿ առաջնորդը հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելու մտքից, քանի որ հասկացան, որ մասնակցության պարագայում իրենց քաղաքական պոտենցիալը բավական չէ հաղթելու համար:
«Այս երկու ուժերն ակտիվորեն քննադատում էին իշխանությանը, Կոնգրեսն անգամ աշնանը խոստանում էր իմպիչմենտի միջոցով հասնել ՀՀ գործող նախագահի պաշտոնաթողությանը, իսկ հիմա հրաժարվում է մասնակցել ընտրություններին»,-գրում է «ГА»-ն: Ամփոփելով` թերթը նշում է, որ ՀԱԿ-ն իր գործունեությունը սկսել էր ատելության քարոզով, ինչի արդյունքում եղավ մարտի 1-ը և ճիշտ էր ասում Հրանտ Բագրատյանը, երբ նշում էր, որ ՀԱԿ-ը զուրկ է գաղափարական հենքից: