Սիրիահայերին տրամադրված գումարը պետք է ծախսվի միայն «Երևան սիթի»-ում
«Հայկական ժամանակը» գրում է, որ Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում 100 հազար դոլարի օգնության հավաստագիր է հանձնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Դա նշանակում է, որ ՀՀ-ում գտնվող հազար սիրիահայ ընտանիքներ կստանան 20 հազարական դրամ պարունակող քարտեր, որոնցով կարող են առևտուր անել:
Սակայն խնդիրն այն է, որ այդ քարտերով կարելի է առևտուր անել բացառապես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներից: Ըստ դեսպանի, խանութների ցանցն ընտրել է նախապես Քուվեյթից Երևան եկած պատվիրակությունը: Հենց նույն «սիթիներից» առևտուր անելու քարտեր ևս 500 սիրիահայի բաժանել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն կից «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կլոր սեղան» կազմակերպությունը:
«Եթե որևէ մեկն ունի տրամաբանական բացատրություն, թե ինչու ուղղակի գումարը չեն տալիս, որ իրենք ընտրեն` ինչպես ծախսել, այլ պարտադրում են այդ գումարը թողնել հենց «Երևան սիթի»-ում, հաճույքով կլսենք այդ բացատրությունը»,- գրում է թերթը: