ԼՂՀ ԱԳ նախարար. Ադրբեջանը բանակցությունները փակուղի է տանում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են տեղի և հավատարմագրված արտասահմանյան լրագրողներ:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մամուլի ասուլիսը նվիրված էր նախարարի պաշտոնավարման 100 օրվան և 2012 թվականի արդյունքներին:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը որպես անցնող տարվա կարևորագույն քաղաքական իրադարձություն նշեց հուլիսին կայացած նախագահական ընտրությունները, որոնք, նրա խոսքերով, դարձել են պետականաշինության գործընթացի կարևոր փուլ և հանրապետության հետևողական ժողովրդավարական զարգացման հավաստում, ինչը նշվել է նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ` նախարարն ափսոսանքով արձանագրեց լուրջ առաջընթացի բացակայությունը, որի գլխավոր պատճառը պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչը գործնականում բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի: Այդ համատեքստում Կարեն Միրզոյանը նշեց դավադիր մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելու և հերոսացնելու փաստը:
Նախարարը ղարաբաղյան դիվանագիտության գլխավոր խնդիր անվանեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով և ԼՂՀ միջազգային ճանաչումը:
Կարեն Միրզոյանը սպառիչ պատասխաններ տվեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք, մասնավորպաես, վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման արդի փուլին և նրա վրա գլոբալ ու տարածաշրջանային հիմնախնդիրների ազդեցությանը, արտերկորւմ ԼՂՀ ներկայացուցչությունների գործունեությանը, զանազան մարդասիրական հարցերի, որոնք ծագել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով: Կարեն Միրզոյանը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում առկա բոլոր հարցերը պահանջում են համալիր, փաթեթային լուծում:
Հանդիպման ավարտին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց ԶԼՄ-ների հետ մշտական համագործակցության կարևորությունը»,- նշված է տարածված հաղորդագրությունում: