Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց լրագրողներին, նաև` Panorama.am-ի
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր խորհրդարանում տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին և լրագրողներին:
Ելույթում ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ ինչպես և նախկինում անցնող տարում ևս ԱԺ-լրագրողներ համագործակցությունը հաջողվել է. «Անկախ մեր տեսակետների ու քաղաքական դիրքորոշումների տարբերություններից, միշտ էլ կարողացել ենք կոռեկտության ու հանդուրժողականության, ողջամտության ու անկեղծության սահմաններում ազատորեն շփվել միմյանց հետ: Ինչպես բազմիցս եմ առիթ ունեցել հայտարարելու, ես միշտ էլ կողմ եմ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտին և շարունակելու եմ ամեն ջանք գործադրել Ազգային ժողովում նման միջավայր ապահովելու համար, այդ թվում նաև՝ լրագրողների համար և լրագրողների հետ աշխատանքում»,- ընդգծեց նա:
Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ իր կարծիքով ո՛չ պատգամավորը, ո՛չ էլ լրագրողը չպետք է փորձեն միմյանց հակադրել իրենց աշխատանքն ու մարդկային հարաբերությունները. «Ընդհակառակը, դրանք պետք է համադրվեն, մանավանդ որ մեր երկրի առջև ծառացած են մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք հաղթահարելը ոչ թե առանձին վերցրած՝ քաղաքական գործիչների, լրագրողների կամ հասարակության այս կամ այն ներկայացուցչի գործն է, այլ՝ բոլորինս միասին»,- նշեց նա ու նաև շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար. «Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր աշխատանքը բխի միայն ու միայն երկրի ու ժողովրդի մասին մտահոգություններից և ազնիվ, անշահախնդիր մղումներից»:
Տոնական ընդունելության ընթացքում ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատանքները երկար տարիներ, բարեխղճորեն և անաչառ լուսաբանելու համար ԱԺ-ում հավատարմագրված մի քանի լրագրողներ` Կարինե Մանգասարյանը, Լիլիթ Կասյանը, Արման Գալոյանը, Ավետիս Բաբաջանյանը, Արմեն Մխիթարյանը, Հարություն Տոլանյանն ու Արտակ Բարսեղյանը, ինչպես նաև Panorama.am-ի լրագրող Լիա Խոջոյանը պարգևատրվեցին ՀՀ ԱԺ նախագահի անվանական ժամացույցով: