«Սոցիոմետեր». 2012 թ. ազդեցիկ քաղաքական գործիչը նախագահ Սերժ Սարգսյանն է
Հայաստանի քաղաքական կյանքում 2012 թ. ազդեցիկ քաղաքական գործիչը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, այնուհետև` Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը:
«Սոցիոմետեր» անկախ սոցոլոգիական կենտրոնի անցկացրած սոցհարցման արդյունքները ներկայացրեց կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ հարցման նպատակն է եղել պարզել, թե ինչպիսին են նախագահական պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուների տեղը ազդեցիկ քաղաքական գործիչների շարքում: Հարցումն անցկացվել է դեկտեմբերին, 1400 չափահաս բնակիչների շրջանում, բոլոր մարզերում:
«Փաստորեն առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի լուրջ մրցակիցը կարող է լինել Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես նաև` Ծառուկյանի չառաջադրվելը չի ազդել նրա ազդեցիկության վարկանիշի վրա»,- հարցման արդյունքներից եզրակացրել է Ա. Ադիբեկյանը:
Նա նշեց, որ ազդեցիկության աստիճանը որոշվել է մի քանի հատկանիշներ հաշվի առնելով` վերահսկել իրողությունը, պաշտոնանկ անել, պաշտոն տալ, հանդիպել այլ երկրների առաջին դեմքերի հետ, ֆինանսական միջոցներ բերել և այլն:
Հարցման արդյունքում նաև պարզվել է, որ հարցվածների 60 տոկոսն է հետաքրքրվում քաղաքական ընթացող իրադարձություններով: Կառավարության և վարչապետ Տ. Սարգսյանի գործունեությունը հարցվածների 49, 8 տոկոսը գնահատել է «ավելի շուտ դրական» (18,2 տոկոս) կամ տանելի (31,6 տոկոս):