Մարզիկները հյուրընկալվել են Բակո Սահակյանի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Իր ելույթում Նախագահն անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը ինչպես ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման, այնպես էլ միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին և դրամական պարգևներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների և մարզիչների:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: