ՀԱԿ-ը չի մասնակցի նախագահական ընտրություններին և ոչ մեկին էլ չի սատարի
Հայ Ազգային կոնգրեսը այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ անիմաստ է համարում մասնակցել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երևանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր տեսակի ՏԻՄ ընտրությունները:
Հինգ տարվա ընթացքում կատարելագործվել է ընտրակեղծարարության մեքենան: Երկրում ստեղծվել է պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանման եւ բազմակի քվեարկության հանցագործ մի համակարգ, որին աջակցում են պետական կառավարման եւ իրավապահ բոլոր մարմինները, ինչպես նաեւ իշխող կուսակցությունը:
Ընտրությունների կեղծման գլխավոր գործիքն է ըտնրողների ցուցակը, որն ուռճացված է մոտ 700000 ընտրողների ձայներով: Իշխանությունը տապալեց Ազգային Ժողովում ներկայացված Հայ Ազգային Կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Ժառանգություն կուսակցությունների միացյալ ջանքերը` արմատապես փոխելու ընտրական համակարգը երկրում եւ ապահովելու օրինական, թափանցիկ, ազատ եւ արդար ընտրություններ` հաշվի չառնելով նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության պահանջները: Ըստ էության ոչնչացված է մրցակցային ընտրությունների մեխանիզմը, ահաբեկվում են ընդդիմությանը սատարող գործարարները, 500-ից 700 հազար ձայների կեղծումով իսպառ բացառվել է ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ հնարավորություն:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա