Ադրբեջանի հիվանդանոցներում արյան առևտուր է
Ադրբեջանի արյան բանկին կամավորության սկզբունքով անվճար հանձնված արյունը հիվանդներին վաճառում են: Ադրբեջանի բոլոր հիվանդանոցներում հայտարարվում է, որ արյուն չունեն, սակայն բժիշկներն ու բուժքույրերը հիվանդանոցում եղած արյունը կամ վաճառում են հիվանդներին, կամ էլ հանցավոր պայմանավորվածության մեջ մտնելով իրենց արյունը վաճառող մարդկանց հետ` հիվանդատերերին ուղարկում են նրանց մոտ: Այս մասին հայտնում է pia.az կայքը` նշելով, որ Ադրբեջանում բոլոր հիվանդանոցների մոտ արյան վաճառքի շուկաներ են գործում:
«Արյուն վաճառող միջնորդները մահվան շեմին կանգնած հիվանդների հարազատներին արյան գնով արյուն են վաճառում: Նման մի շուկա էլ գործում է Ադրբեջանի հանրապետական կլինիկայի առջև: Միջնորդները նույնիսկ մտնում են կլինիկա և բժշկական անձնակազմի աչքի առաջ գտնում գնորդներին ու սակարկում նրանց հետ», -գրում է կայքը:
Կայքը նշում է, որ «ԱզերԹԱջ» լրատվական գործակալության բաժնի տնօրեն Խաթայի Ազիզովը facebook-ի իր էջում գրել է, որ ինքն ականատես է եղել, թե ինչպես արյան առևտրով զբաղվող միջնորդները 500 գ արյունը հիվանդին առաջարկել են գնել 300 մանաթով (մոտ 380 ԱՄՆ դոլար):
«Արյան դոնորների ասոցիացիա» հասարակական միության նախագահ Ֆուադ Ասգերովը կայքի հետ զրույցում արյան առևտրի հետ կապված Ադրբեջանում տիրող իրավիճակը հանցագործություն է անվանել և կոչ արել պատկան մարմիններին` միջոցներ ձեռնարկել: «Փաստեր կան, որ արյան 500 գ-ը մարդիկ 100-150 մանաթով են ձեռք բերում հենց հիվանդանոցներում, որտեղ այն հիվանդներին պետք է անվճար տրամադրվի», -ասել է նա:
Կայքի հետ զրույցում բժիշկ Ադիլ Գեյբուլլան, անդրադառնալով թեմային, նշել է, որ Ադրբեջանի արյան բանկում եղած արյունը չի բավարարում հիվանդներին: Նրա խոսքով` արյան բանկեր պետք է լինեն Ադրբեջանի բոլոր շրջաններում: «Արյան բանկի համակարգն Ադրբեջանում թերի է: Արյան կարիք ունեցող մարդիկ չեն կարողանում անհրաժեշտության պահին այն ձեռք բերել: Այդ է պատճառը, որ արյան և մարդկանց օրգանների վաճառքն Ադրբեջանում կազմակերպված հանցագործություն է», -ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա