«Գյուղատնտեսության համար ծանր տարի էր»
2012 թվականը գյուղատնտեսության համար ծանր տարի էր: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքերով` գյուղատնտեսական տարին կարելի է բաժանել երկու մասի՝ բացթողումների և հաջողությունների: Հաջողությունների մասով առանձնացրեց պտղաբուծության ոլորտում արձանագրված աճը, մասնավորապես, նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք ծիրանի, դեղձի, խնձորի աճ:
Հ.Բերբերյանը նշեց, որ գյուղատնտեսության մեջ հիմնական խնդիրը և բոլոր անհաջողությունների պատճառը կարտոֆիլի ցեցն էր կամ ինչպես ընդունված է ասել՝ մորմազգիների ցեցը: «Այսօր կարտոֆիլի մասով իրավիճակը հետևյալն է. հանրապետության որոշ մարզերում ունեցանք կայուն բերք` կապված սերմնաբուծության հետ: Օրինակ` Վարդենիսի տարածաշրջանի Սոթք համայնքում կարտոֆիլի միջին բերքատվությունը կազմել է 60 տոննա, ինչը ռեկորդային է` նույնիսկ եվրոպական երկրների համար: Մինչդեռ Շիրակի մարզում հակառակ պատկերն է. այնտեղ ցանվել է վաղահաս կարտոֆիլ և այստեղ բերքատվությունը կազմել է ընդամենը 10-12 տոննա, չնայած, որ մարզում մոտ 1200 հա ցանքատարածություններ ավելացել են, բայց 40-50 տոկոսի բերքի կորուստ ունենք»,- ասաց Հ.Բերբերյան:
Նրա խոսքերով` կարտոֆիլի գները շուկայում բարձրացել են. 1 կգ կարտոֆիլն այսօր վաճառվում է 240-260 դրամով: «Արդյունքը կլինի այն, որ կուտակված սերմնացուն կվաճառվի պարենային կարտոֆիլի տակ, իսկ դա նշանակում է, որ գարնանը սեմացուի գները կբարձրանան», - նշեց նա:
Հ.Բերբերյանն իր մտահոգությունն հայտնեց ցանքատարածություններում մորմազգիների ցեցի առկայության վերաբերյալ. այն տարածված է հատկապես Արարատյան հարթավայրում: Ըստ նրա` եթե նախորդ տարի խնդիրն առկա էր երկու գյուղում, այսօր արդեն՝ 45 գյուղում: «Եթե սրա դեմը չառնենք, Արարատյան դաշտավայրում գյուղատնտեսության վիճակը մտահոգիչ կլինի»,- ասաց Հ.Բերբերյանը՝ հավելելով, որ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիր պետք է մշակվի:
Ինչ վերաբերում է բուսաբուծության ոլորտին, ապա նա զարմանալի համարեց գյուղատնտեսության նախարարի այն հայտարարությունը, թե այս տարի ոլորտում արձանագրվել է 7-8% աճ` արտադրվելով 849 հազ. տոննա բանջարեղեն: «Եթե հավատանք նախարարին, ապա դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ օրական օգտագործում է մոտ 1 կգ բանջարեղեն: Եթե այդպիսի արտադրություն ունենք, միայն կողջունեմ: Սակայն դա հնարավոր չէ, պարզապես զարմացած եմ»,- նկատեց Հ.Բերբերյանը:
Ինչ վերաբերում է հացազգիներին, ապա նա նշեց, որ այս տարվա ինն ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկրվել է 68 հազար տոննայով ավելի ցորեն և մինչև տարեվերջ այն կհասնի մոտ 100 հազարի: «Եթե գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է, որ հացահատիկային և հատիկաընդեղային մշակաբույսերի արտադրությունը կազմել է 455 հազար տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 3.3%-ով, ապա այդ դեպքում ինչո՞ւ են մոտ 100 հազարով ավելի ցորեն ներկրել»,- նշեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը:
Հրաչ Բերբերյանը անդրադարձավ նաև անասնապահությանը և նշեց, որ այն ևս շատ ծանր վիճակում է գտնվում։ «Հունվարից արդեն անասնակերի լուրջ խնդիր կունենանք»,- ընդգծեց նա: Ինչ վերաբերում է սիբիրախտին, Հ.Բերբերյանը գտնում է, որ այդ հիվանդությունը հաջողությամբ հաղթահարվել է: Այսօր, ըստ նրա, կարող են ասել, որ վտանգ չկա: Սիբիրախտի տարածման միակ մեղավորներին նա համարում է անասնաբույժներին, քանի որ նրանք պատվաստումները թերի են կատարել:
Գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ խնդիրներից մնում է գյուղատեխնիկան: Հ.Բերբերյանի խոսքերով` խորհրդային տարիներից ժառանգած գյուտեխնիկայի պատճառով բերքահավաքի ժամանակ տարեկան 6-10 հազար տոննա ցորենի կորուստ են ունենում, մինչդեռ եթե այդ կորուստները չլինեին, ապա ցորենի ներկրման խնդիր էլ չէր առաջանա: Ըստ նրա` Հայաստան պետք է ներկրվի առնվազն 250 կոմբայն, տրակտորներ, քանի որ գյուղեր կան, որտեղ նույնիսկ տրակտոր չունեն: «Մենք պետք է այս խնդիրներին ավելի լուրջ մոտենանք: Բելառուսից պետական լիզինգով կարող ենք գյուղտեխնիկա ներկրել, բայց չգիտես ինչու չեն բերում: Եթե մենք լիազորություններ ունենայինք, ապա շատ վաղուց հարցին լուծում կտայինք»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ապահովագրությանը, Հ.Բերբերյանը գտնում է, որ այս հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի: «Գյուղատնտեսության ոլորտը ռիսկային է, ցավալի է, որ Հայաստանում չկա գյուղատնտեսության ապահովագրություն, ինչը անհրաժեշտություն է: Այսօր ոլորտում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, հակառակ դեպքում լուրջ խնդիրների առաջ կկանգնեք»,- ասաց նա:
Հ.Բերբերյանը նշեց, որ հանրապետության ղեկավարին խնդրում է, որպեսզի մեկ տարի ևս հայտարարեն գյուղատնտեսության տարի: «Կարծում եմ, որ ՀՀ նախագահը գյուղի խնդիրներից շատ լավ տեղյակ է, հատկապես, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ գյուղացիների հետ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ, և տեսավ գյուղի իրական վիճակը: Մենք չունենք օգտակար հանածոներ, չունենք նավթ, գազ, մենք կարող ենք տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնել, բայց այս ժողովրդին հաց է պետք»,- ասաց Բերբերյանը:
Նրա խոսքերով, գյուղացին պետք է օրենքով պաշպանված լինի, պետությունը գյուղացուն պետք է ընդունի որպես արտադրողի և նրա վրա դնի պարտականություններ: «Այս հարաբերությունները հղկելով կունենանք հզոր գյուղատնտեսություն»,- նշեց Հ.Բերբերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա