Այսօր կինոյի միջազգային օրն է. Հայկական կինոարտադրությունն ունի 90 տարվա պատմություն
Այսօր կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է: 115 տարի առաջ այս օրը` 1985 թվականի դեկտեմբերի 28-ին, Փարիզի Կապուցինով բուլվառում տեղի է ունեցել Լյումեր եղբայրների առաջին կինոսեանսը: Այդ օրը ցուցադրվել է աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»: Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվել է հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ էր առաջացրել կինոդիտողների մոտ. նրանք վեր էին կենում ու խուճապահար դուրս վազում դահլիճից` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում:
Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր: Դրանից հետո կինոմատոգրաֆիան զարգացման երկար ճանապարհ է անցել և հսկայական փոփոխությունների է ենթարկվել` համրից հնչյունային, սև ու սպիտակից` գունավոր, ժապավենից մինչև թվային:
Այսօր ամբողջ աշխարհում անցկացվում են տարբեր կինոփառատոներ` «Օսկար», Կաննի, Վենետիկյան միջազգային կինոփառատոներ, Լյումեր եղբայրների անվան, Մոսկովյան միջազգային կինոփառատոն և այլ:
Հայաստանում արդեն հաջորդ տարի կանցկացվի «Ոսկե ծիրանի» 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի ընթացքում հայ հանրությանն է ներկայացվում ինչպես հայկական, այնպես արտասահմանյան կինոֆիլմեր:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարվանից անցկացնում է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխություն: Հայկական ֆիլմերը ներկայացվում են նաև տարբեր միջազգային կինոփառատոներում ու արժանանում մրցանակների:
Ոլորտի մասնագետները, պատասխանատուները փաստում են, որ հայկական կինոն այսօր զարգանում է. «միտված է աճելու` լավանալուն, մշակութային արժեք դառնալու, համաշխարհային կինոարտադրությանը ինտեգրվելու» (Կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյան): Իհարկե, միաժամանակ նշում են մի շարք խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:
Հայկական կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, որն ամիջապես կյանքի կոչելով` հայկական կինոյի հիմնադրումը, կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն (արվեստաբան, 1923-37 թվականներին` «Հայկինոյի» տնօրեն, Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր) և Համո Բեկնազարյանին (կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ):
1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին անվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին վերանվանվել է նրա անունով:
1924-ին նկարահանվել է հայկական առաջին վավերագրական ֆիլմը «Խորհրդային Հայաստան» (օպերատորական խմբի ղեկավար Ի. Կրասլավսկի):
1925-ին նկարահանվել է առաջին խաղարկային համր ֆիլմը` «Նամուսը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/, 1926-ին` առաջին կատակերգությունը` «Շոր և Շորշորը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/, 1926-ին «Հայկինոն» առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը` «Զարե» ֆիլմով /ռեժ». Հ.Բեկնազարյան/,
1931-ին նկարահանվել է առաջին քաղաքական, երգիծական խաղարկային ֆիլմը` «Մեքսիկական դիպլոմատները» /ռեժ. Ա. Մարտիրոսյան, Լ. Քալանթար/:
1935-ին ստեղծվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն» /ռեժ. Հ. Բեկնազարյան/, 1938-ին նկարահանվել է առաջին գունավոր մուլտֆիլմը` «Շունն ու կատուն» /ռեժ. Լև Ատամանով/:
1941-1945թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է ազգային ազատագրական պայքարի թեմայով պատմական «Դավիթ Բեկ» ֆիլմը (1944թ., ռեժ. Հ.Բեկնազարյան), ռազմահայրենասիրական այլ խաղարկային ժապավեններ, երկրորդ աշխարհամարտը փաստագրած շատ ֆիլմեր և Հայաստանի, հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան):
1960-ականներին «Հայֆիլմը» ունեցել է ստեղծագործական բարձր նվաճումներ, կատարվել են նաև հայկական համր ֆիլմերի վերականգնման ու կրկնօրինակման աշխատանքներ: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր 42-45 ֆիլմ: 1967-ից մուլտֆիլմերի արտադրությունը դարձել է մշտական:
1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ` կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը:
2000 թվականից ի վեր` աճել է ինչպես կինոարտադրության ծավալը, այնպես էլ ստեղծագործական հաջողությունները: