Սիրիահայ ուսանողները ստացան կրթաթոշակների հավաստագրեր
Հայաստանյան բուհերում սովորող սիրիահայ 110 ուսանողներ այսօր ստացան կրթաթոշակների հավաստագրեր. կառավարության որոշմամբ փոխանցվում է նրանց ուսման վարձերը: Հավաստագրերը նրանց հանձնեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սփյուռքի և ԿԳ նախարարներ` Հրանուշ Հակոբյանը և Արմեն Աշոտյանը:
Հայաստանի կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ:
Հավաստագրերի հանձնման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենք հետևելու են, թե ինչպես են ընթանում երիտասարդների գործերը, ինչ դժվարությունների են հանդիպում ուսման ընթացքում, ինչպես են ինտեգրվում: «Դուք մշտապես զգալու եք պետության օժանդակությունը: Մեր կարողությունների սահմանում փորձում ենք ձեզ աջակցել»,- ուսանողներին դիմելով` ասաց վարչապետը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ իր խոսքում նշեց, որ իրենք որևէ խտրականություն չեն դնում հայաստանցի ու սիրիահայ ուսանողների միջև:
Շնորհավորել սիրիահայ ուսանողների Ամանորն ու Սուրբ ծնունդը, Տ. Սարգսյանը ցանկացավ նրանց. «Թող այս դժվարությունները ձեզ ուժեղացնեն, լիցաքավորեն: Հուսով ենք, որ միասին ավելի ուժեղացած ենք դուրս գալու այս մարտահրավերներից: Երջանկությունը, սերը թող հետապնդի 2013-ին»:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ դիմելով դահլիճում գտնվող սիրիահայ ուսանողներին, ասաց, որ նրանց թիվ մեկ խնդիրը, թիվ մեկ գործը պետք է լինի օրինակելի ուսանող դառնալը, գերազանց գնահատակ ստանալը: Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի առիթով, նախարարը ցանկացավ. «2013 թվականին խաղաղություն հաստատվի Սիրիայում, որպեսզի խաղաղ լինի ձեր հոգիները, որ այստեղ ապրելով, սովորելով հանգիստ լինեք այնտեղ ապրող ձեր հարազատների, ծնողների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան