Մահացած տղաներին կամրջից ներքև նետել են Իվան Գրիգորյանի մեքենայից. Մանրամասներ «Մատաղիսի գործ»-ից
«Մատաղիսի գործով» սպանված Հովսեփ Մկրտումյանի հայրն ու մայրն այս տարի էլ Ամանորը թեթև սրտով չեն նշի: «Է, բալա…իրական մարդասպանները ազատության մեջ են, ինչ ուրախանանք: Լավն էն է, որ տղաները արդարացվեցին ու հիմա ազատ են», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Մկրտումյանի մայրը` Գրետա Մնացականյանը:
Տիկին Գրետան 2004-ից սկսած արդարություն է փնտրում. Վերջին ինը տարիների ընթացքում նա անցել է տարբեր դատական քաշքշուկներով, մասնակցել տարբեր պետական ատյանների առջև կազմակերպված ցույցերին և արդյունքը եղավ այն, որ այս տարի դեկտեմբերի 18-ին իր որդու և նրա ծառայակից Ռոման Եղիազարյանի սպանության մեջ մեղադրվողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանն արդարացվեցին: Այժմ տիկին Գրետան և իր ամուսինը` Մովսես Մկրտումյանը, նույն ոգով պարտադրելու են, որ սպանության իրական կատարողները պատժվեն:
Նրանց նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որ դեռ մինչև պատգամավոր դառնալը, զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ, այսօր հիշեց, որ երբ հրավիրվել է ստանձնելու տուժողի իրավահաջորդների պաշտպանությունը, տեսել է Զալյանին նրա նիհար ու շատ խղճուկ տեսքը ու անմիջապես եզրակացրել է, որ այդ երիտասարդը մարդ չէր կարող ծեծել և այն էլ իր թիկնեղությամբ ու ֆիզիկական մեծ ուժով հայտնի կարատեիստ Ռոման Եղիազարյանին: «Դա բոլոր իրավաբաններին կարող էր պարզ լինել, և ես այդ ժամանակից ներքին համոզմունք ունեցա, որ այդ տղաները մարդ չէին կարող ծեծել: Երևում է, որ լուրջ իրավաբանական մոտեցում չի եղել գործին, նրանք ուղղակի ցանկացել են սարքել», -նկատեց տիկին Փոստանջյանը:
Մովսես Մկրտումյանը ներկայացնելով գործի նյութերը, ասաց, որ ծեծկռտուքն ու սպանությունը տեղի է ունեցել զորամասում և զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող խանութի տերը` Էդիկ Հարությունյանը, ձայները լսել է հենց զորամասից: «Էդիկ Հարությունյանը նստում ա իրա 24-ը, իրա երեխեն էլ ա էդ զորամասում ծառայելուց եղել, վախում ա, գնում ա զորամաս, իսկ էս իրավապահները երեխեքին դատում են զորամասից մի փոքր հեռու գտնվող շինության մեջ կռիվ անելու համար: Իմ տղուն քցել են ջրի մեջ, իսկ Ռոման Եղիազարյանին` կամրջի տակ: Էս գործով սկզբում կային 4 ձերբակալվածներ` մեր երեք տղաներն ու Արման Գրիգորյանը: Էս Գրիգորյանը ցուցմունք ա տալիս, որ տեսել ա, թե ինչպես Իվան Գրիգորյանի վիլիսը կանգնել ա մոստի վրա, երեխեքից մեկին գցել են կամրջից ցած, էն մյուսին էլ մի քիչ հեռու: Հետո էդ տղուն համարեցին, որ հիվանդ ա, գործը փակեցին, բայց բժշկական կամիսիան ասեց, որ առողջ ա: Հիմա ես ո՞նց չհամարեմ, որ էս սպանությունների մեջ հրամանատարությունը մեղավոր է», -գործի նյութերը ներկայացրեց Մովսես Մկրտումյանը:
Նշենք, որ Իվան Գրիգորյանը զորամասի հրամանատարն է եղել և գործի նյութերից հայտնի է ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի միջնորդությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որով խնդրվում էր հետևյալը. «Հաշվի առնելով թիվ N զորամասի հրամանատար կապիտան Իվան Զավենի Գրիգորյանի մասնակցությունը արցախյան գոյամարտում, նրա երկարատև մասնակցությունը ՊԲ շարքերում, իր կողմից կատարածի համար զղջալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՀՀ ՊՆ 23.03.2004 թ թիվ 244 հրամանի համաձայն որպես տույժ, կապիտան Ի. Գրիգորյանը ներկայացվել է ավելի ցածր պաշտոնի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը միջնորդում և խնդրում է Ձեր համապատասխան որոշումը նախաքննության նյութերով նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ»: Ըստ որոշ տեղեկությունների, Իվան Գրիգորյանն այժմ հայտնի օլիգարխներից մեկի թիկնազորում է աշխատում: Գրիգորյանին վերջին դատական նիստերի ընթացքում բազմիցս կանչել են դատարան ցուցմունքներ տալու, սակայն վերջինը չի ներկայացել:
Այսօրվա հանդիպման ընթացքում Զարուհի Փոստանջյանը ցույց տալով լուսանկարներ, թվարկեց բոլոր մեղավորներին, ովքեր «սարքել են «Մատաղիսի գործը»»: «Մեկը Սյունիքի մարզի դատավորն է Մանասարյանը, որը այժմ թոշակի է գնացել, Վերաքննիչ դատարանի դատավորներ Արմեն Դանիելյանը և Մհեր Աղրամանյանը, որոնք այսօր էլ շարունակում են իրենց սև գործը: Ինչ վերաբերում է նախաքննական մարմնին, ապա այստեղ ներգրավված են եղել երեք դատախազներ և ներկայիս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բայց իհարկե, ամենահիմնական սարքողը եղել է Գագիկ Ջհանգիրյանը: Հետո ներկայիս զինդատախազն է, իսկ քննիչ Արմեն Հակոբյանը ամենաառաջին խոշտանգողն է, որը ներկայումս աշխատում է որպես ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետ, և վերջապես ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որն այն ժամանակ ռազմական ոստիկանության պետն էր: Տղաներին պահել են ռազմական ոստիկանության մեկուսարանում երկար ժամանակ, որպեսզի նրանց վրայից անհետանային բռնության հետքերը և այս մարդը տեղյակ է եղել ամեն ինչից», -թվարկեց Զարուհի Փոստանջյանը` չմոռանալով նշել նաև գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանին:
Այս ամենից հետո, տիկին Փոստանջյանը հորդորում է կառավարությանը սթափվել ու հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար հետ կանգնել այս գործից ու ընդունել, որ երեք տղաները մեղավոր չեն:
«2006-ին, երբ Վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ կայացվեց և գործը գնաց նոր քննության, այդ ժամանակվանից հետո նախաքննական մարմինը ոչինչ չի փոխել բացի մեղադրանքից», -հավելեց Փոստանջյանը:
««Մատաղիսի գործի» հաղթանակը կլինի այն, որ սպանության իրական մեղավորները պատժվեն», -իր հերթին հայտարարեց «Հույս» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հակոբյանը, որը այս գործով հասարակական շարժման անդամներից էր: Նա խոստացավ, որ հաջորդ տարի էլ պայքարը շարունակվելու է, որպեսզի քննչական մարմինները պատասխանատվության կանչեն իրական մարդասպաններին: «Քանի դեռ մեղավորները պատժված չեն, քանի դեռ կան այս ծնողները, որոնց ցասումը դեռ արդարացված չէ», -նշեց նա:
Նախորդող`
Պարոն Ջհանգիրյան, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես են տեղի ունեցել այդ երիտասարդների սպանությունները. Զ. Փոստանջյան
«Մատաղիսի գործ»-ով մեղադրողների փաստարկները չեն դիմանում քննադատության, տղաներին պետք է արդարացնել. Պաշտպանական ճառ
«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը հիշում է` ինչպես Ջհանգիրյանը փախավ դատարանի դահլիճից
Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ կայացվեց (Տեսանյութ)
Գ.Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել. Դրանք մարդասպաններ են, պետք է դատվեն
Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան