«Մենք մեր ծրագրերին համաձայն քայլում ենք առաջ». «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն
«Օրանժ Արմենիա» ընկերության 2012 թվականի գործունեության արդյունքների, ձեռքբերումների և հետագա անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
-Ի՞նչ ապրումներ և սպասումներ ունեցաք, երբ իմացաք Հայաստան տեղափոխվելու մասին:
-Մայիս ամսին ես ստացա գործնական առաջարկ` ստանձնելու Orange Արմենիայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Շատ ուրախ էի, որ ինձ էին առաջարկել այդ պաշտոնը ստանձնել, քանի որ շատ եմ սիրում աշխատել մասնաճյուղերում և սիրում եմ մարտահրավերներ: Այդ ժամանակ դեռ լավ ծանոթ չէի Հայաստանում հեռահաղորդակցության շուկային և Orange-ի գործունեությանը: Սակայն, 2012թ.-ի հունիս ամսին կատարած կարճ այցիս ժամանակ հասկացա, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը բավականին դինամիկ է, որտեղ շատ բան կարելի է անել նոր ծառայությունների և առաջարկների առումով: Այդ այցի ընթացքում ես հնարավորություն ունեցա նաև հանդիպելու Orange Արմենիայի աշխատակիցների հետ և համոզվելու, որ Բրունո Դյութուային իսկապես հաջողվել է հավաքագրել երիտասարդ և խանդավառ աշխատակիցներ, ովքեր պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություն: Ես շատ արագ ընդունեցի առաջարկը և 2012թ.-ի սեպտեմբերին ընտանիքիս հետ մեծ ուրախությամբ տեղափոխվեցի Հայաստան:
-Ունեք հարուստ միջազգային աշխատանքային փորձ, տարբերվո՞ւմ է արդյոք Հայաստանի հեռահաղորդակցային շուկան այլ վայրերից, որտեղ աշխատել եք:
-Բջջային կապի շուկաներն, անշուշտ, ունեն որոշակի առանձնահատկություններ. կան հասուն շուկաներ, ավելի երիտասարդ շուկաներ, մենաշնորհային շուկաներ, շուկաներ SMS-ների կամ ձայնային ծառայությունների սպառման մեծ ծավալներով, ըստ երկրների` կարող է շարժական կապի օրենսդրությունը տարբերվել: Հայաստանի հեռահաղորդակցության շուկան արդեն բավականին մրցունակ է, այստեղ շարժական ձայնային ծառայությունները մեծ ներթափանցում ունեն: Ինչ վերաբերում է սպառողների սովորություններին, ապա պետք է նշեմ, որ հայերը ձայնային ծառայություններից բավականին շատ են օգտվում, մինչդեռ SMS-ներից՝ ոչ այդքան շատ: Հայերը շատ են օգտվում բջջային ինտերնետից, 6-ից 7 անգամ ավելի շատ, քան ֆրանսիացիները: Ակնհայտ պատճառներով մեր բաժանորդները բավականին շատ միջազգային զանգեր են կատարում, և մենք փորձել ենք անել ամեն ինչ, որպեսզի միջազգային զանգերի գները լինեն հնարավորինս ցածր (նույնսիկ, երբ Ռուսաստանի բջջային օպերատորներից որոշները զգալիորեն բարձրացրին իրենց ծառայությունների մեծածախ գները):
Մեկ այլ կարևոր փաստ ևս. հայերը շատ են սիրում «մոգական» համարներ, այդ իսկ պատճառով վերջերս մենք մեկնարկեցինք անվճար «արծաթե, ոսկե կամ պլատինե համարներ» առաջարկը: Մենք նաև ներդրեցինք նոր ծառայություն, որի շնորհիվ Orange-ի ձայնային ծառայությունների նոր բաժանորդները կարող են ավտոմատ կերպով իրենց ընկերներին տեղեկացնել իրենց նոր համարի մասին:
-Ի՞նչ կարծիք ունեք բջջային կապի հագեցվածության մասին: Արդյոք Հայաստանը շատ «նեղ» չէ՞ բջջային երեք օպերատորի համար:
-Բջջային կապի ներթափանցումը բավականին բարձր է այսօր: Այն հասնում է ամբողջ բնակչության շուրջ 72%-ին: Սրանք իհարկե հասուն շուկայի հատկանիշներ են, սակայն, կարծում եմ, դեռ կա աճի հնարավորություն:
Եթե մենք հաշվենք ակտիվ SIM քարտերի քանակը, հաշվի առնելով այն փաստը, որ բջջային կապից օգտվողները հաճախ ունենում են երկու տարբեր բջջային օպերատորների քարտ, ապա ներթափանցումը կկազմի ամբողջ բնակչության 100%-ից ավելին:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանը փոքր է երեք օպերատորի համար: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընտրությունը` շուկայում ունենալ երրորդ բջջային օպերատոր, բխում է միայն բջջային ծառայություններից օգտվողների շահերից: Դրա շնորհիվ բջջային ծառայությունները դարձել են ավելի մատչելի, մեծ ցատկ է կատարվել բջջային ինտերնետի ոլորտում: Ճիշտ հակառակը, ինչպես տեսնում եք, մրցակցությունը շատ ակտիվ է և դա միայն ի շահ հաճախորդների: Այժմ ակնհայտ է, որ շուկա մուտք գործած երրորդ օպերատորը (Orange-ը) պետք է լիներ ֆինանսապես շատ ուժեղ, որպեսզի կարողանար առաջարկել որակյալ ծառայություններ` ներդնելով 250 մլն եվրո և պատրաստ լինելով ներդրումների վերադարձելիության երկար ժամկետների: Չեմ կարծում, թե կան շատ ներդրողներ/օպերատորներ, որոնք պատրաստ կլինեին դա անել:
Միաժամանակ չեմ կարծում, թե շուկայում այսօր տեղ կլինի չորրորդ օպերատորի համար, սակայն ոչ միայն իմ նշած վերջին պատճառով: Ընդհանուր առմամբ, Եվրոպայի 5-10 միլիոն բնակչություն ունեցող շուկաներում, որտեղ կան 4-5 բջջային օպերատորներ, այժմ միտում կա օպերատորների թվի նվազման (մինչև 3 օպերատոր), ինչը կարծում եմ, ողջամիտ է, իսկ 50 և ավելի բնակչություն ունեցող երկների համար գործում է 4 օպերատոր: Ունենալով այս պատկերը` չեմ կարծում, որ Հայաստանում հակառակ միտումները լինեն:
-Մրցակցային դաշտում կարողանու՞մ եք համաքայլ գնալ:
-Ես չէի ասի, որ մենք «համաքայլ» ենք գնում: Մենք խթանել և խթանում ենք մրցակցությունը: Վստահ եմ, որ հետևել եք մեր գործունեությանը շուկայում, մենք միշտ եղել ենք այն օպերատորը, որը ոչ թե համաքայլ է գնացել շուկայում, այլ իր նոր առաջարկների, նորարարական տեխնոլոգիաների, հաճախորդների սպասարկման ժամանակակից ծառայությունների (ներառյալ վեբ, չաթ, ինքնասպասարկում և խանութ) շնորհիվ ստեղծում է մրցակցություն: Մենք առաջին օպերատորն էինք, որը մեկնարկեց բազմաթիվ նոր ծառայություններ և առաջարկներ, որոնք, հետագայում բնականաբար, առաջարկվեցին նաև մրցակիցների կողմից. հատուկ ռոմինգի առաջարկ Ռուսաստանում, երբ բաժանորդը կարող է օգտվել նույն սակագնից, բացի այդ առաջարկում ենք անսահմանափակ թրաֆիկով փաթեթներ, առցանց ինքնասպասարկում և այլն: Իհարկե, նորարարությունը ծառայություններում անհրաժեշտ պայման է, սակայն բավական չէ, քանի որ մենք նաև ցանկանում ենք լինել նորարար օպերատոր հաճախորդների սպասարկման և որակի առումով: Այն է` ինտերնետի արագությունը, շարժական WiFi ինտերնետի լուծումները (ինչը մենք անվանում ենք «MyFi») բարձր հստակության ձայնը հեռախոսակապի համար, ինչպես նաև ինքնասպասարկման լուծումներ կամ կատարելագործված ծառայություններ խանութներում: Այժմ, եթե հարցը կայանում է նրանում, թե արդյոք մենք բավարարված ենք մեր արդյունքներով, ապա ես կասեմ` այո, քանի որ մենք մեր ծրագրերին համաձայն քայլում ենք առաջ և արդեն 2013թ.-ին մեր եկամուտները կծածկեն մեր գործառնական ծախսերը:
-Ո՞րն է Ձեր մրցակցային առավելությունը մյուսների հանդեպ:
-Առաջին առավելությունը Օրանժի նորարար օպերատոր լինելու հանգամանքն է: Մեզ համար պատիվ է տեսնել, թե ինչպես են մեր մրցակիցները հաճախ կրկնում այն քայլերը, որոնք արդեն իսկ արել ենք: Բաժանորդների կողմից նույնպես Օրանժը ընկալվում է որպես նորարար օպերատոր, որը միշտ հանդես է գալիս նորություններով` թե տեխնոլոգիաների, թե նոր առաջարկների առումով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր բաժանորդները շատ են գնահատում Օրանժին որպես օպերատոր, որը տալիս է արժեք` գումարի դիմաց:
Երկրորդ առավելությունը` դա մեր ցանցի որակն է: Սա նույնպես հաճախ հարցումների ժամանակ նշվում է: Բացի հարցումներից, վերջերս մի անկախ կազմակերպության կողմից կատարվել է Օրանժի ցանցի ուսումնասիրություն, որի համաձայն` անկախ կազմակերպության կողմից Օրանժ Արմենիայի ցանցը համարվեց Եվրոպայի բոլոր Օրանժ ընկերությունների մեջ երկրորդը, ինչի համար շատ հպարտ ենք:
Երրորդ մրցակցային առավելությունը հավանաբար այն է, որ սպասարկման ոլորտում աշխատող մեր անձնակազմը իսկապես նվիրված է իր գործին, կարողանում է բաժանորդներին տալ իր ողջ էներգիան, որպեսզի բաժանորդին սպասարկի լավագույնս և նա միշտ բավարարված հեռանա Օրանժի խանութներից:
-Իսկ ի՞նչ կասեք Ինտերնետ ոլորտում կատարված քայլերի մասին:
-Երևի թե ինտերնետը ամենագեղեցիկ պատմություններից մեկն է, որ մենք ունեցել ենք Հայաստանում: Այն լայնաշերտ ինտերնետի տարածման և գերարագ ինտերնետի ժողովրդականացման պատմությունն է: Երեք տարի առաջ հաճախորդները փնտրում էին ինտերնետ ունենալու հնարավորություններ, այսօր նրանք փնտրում են լավ որակի ինտերնետ: Շարժական ինտերնետը Հայաստանում կտրուկ փոխվել է շնորհիվ ինտերնետի առաջարկների և ծառայությւնների, ինչպես նաև 3G + ցանցի ծածկույթի ընդլայման: 2009թ.-ի վերջում Հայաստանի ընտանիքների մայն 15%-ն ուներ ինտերնետ տանը, այժմ՝ ավելի քան 55%-ը: 2009թ.-ին ինտերնետի շուկայական միջին գինը կազմում էր 15 000 դրամ, այժմ լայնաշերտ ինտերնետի միջին գինը կազմում է 7000 – 9000 դրամ մեկ ամսվա համար: Մենք շարժական լայնաշերտ ինտերնետի առաջատարն ենք Հայաստանում` ավելի քան 50% մասնաբաժնով: Մեր նպատակն է պահպանել մեր դիրքերը և շարունակել ձեռք բերել նոր հաճախորդներ:
-Ինչպե՞ս կգնահատեք Orange Արմենիայի 2012թ-ի գործունեությունը:
-2012թ.-ը ևս մեկ՝ իրադարձություններով հարուստ ու զբաղված տարի էր Orange Արմենիայի համար: 2012թ.-ի ընթացքում մենք նախաձեռնեցինք նոր մոտեցում սոցիալական ցանցերի, Ռուսաստանում ռոմինգի ծառայություններից օգտվելու համար (տեղական զանգերի գնով): Մայիս ամսին մենք մեկնարկեցինք «Orange Ընտանիք» փաթեթը, երբ ընտանիքի անդամները անվճար կարող են խոսել փաթեթի ներսում, իսկ վերջերս հանդես եկանք նոր առաջարկով միջազգային զանգեր ստացողների համար, երբ հաճախորդները ստանում են անվճար րոպեներ արտասահմանից ստացած զանգերի դիմաց: Ես նաև շատ հպարտ եմ մեր «2-ը 1-ում» ծառայությամբ, երբ Orange-ի հաճախորդը ստանում է մեկ ընդանուր հաշիվ ինտերնետ և ձայնային ծառայությունների համար, ընդհանուր կրեդիտի հնարավորություն, գումարած լավ զեղչ: Այս տարի Orange-ը մեկնարկեց առաջին 42.2 Մբ/վ ցանցը Հայաստանի երեք մեծ քաղաքներում և 21.6Մբ/վ արագություն ունեցող ցանցը Հայաստանի ողջ տարածքում: Այս տարի, շնորհիվ Orange-ի հատուկ առաջարկների, սմարթֆոնների շուկան ամբողջովին փոխակերպվեց, սմարթֆոնները դարձան ավելի մատչելի բոլորի համար:
Բարեգործության և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շրջանակում Orange Հիմնադրամի շնորհիվ ավելի քան 17 000 մարդու համար անցկացվել են անվճար ակնային զննումներ և ավելի քան 1000 մարդ անվճար վիրահատվել է: Այս տարի, առաջինը Հայաստանում Orange-ը ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Կազմակերպությունը ընդլայնեց իր WiFi ինտերնետ ծածկույթը, և այժմ Երևանի հանրային տրանսպորտի 134 ավտոբուս զինված է շարժական WiFi ինտերնետով: Տարին նաև շատ հետաքրքիր էր մշակութային ոլորտում: Տպագրվեցին առաջին Orange Գրքի մրցանակի հաղթող ստեղծագործությունների գրքերը, հայկական կինոյի առաջին մրցանակները շնորհվեցին Orange-ի հովանավոորությամբ:
-Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը Ձեզ ներկայացնելու ժամանակ հայտարարեց, որ Ֆրանսիս Ժելիբտերի ղեկավարությամբ Orange Արմենիան կշարունակի շեշտը դնել բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ, ինչպես նաև կշարունակի ներկայացնել նորարարական ծառայություններ: Իսկ ի՞նչ կարող են ակնկալել Orange-ի բաժանորդները 2013թ-ին:
-Վստահ եմ՝ կհասկանաք, որ չներկայացնեմ մեր պլանները. Շուկան շատ մրցակցային է, իսկ մեր նախաձեռնություններին շատ արագ հետևում են շուկայում: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Orange-ը չի փոխի իր ոճը: Մենք կշարունակենք լինել նորարար օպերատոր: Այսօր Orange-ն իր ուրույն ձեռագիրն ունի Հայաստանում, և մենք ունենք այն նույն նպատակները, ինչ սկզբում. տրամադրել բարձրորակ ձայնային և ինտերնետ ծառայություններ մեր բաժանորդներին, ունենալ լավագույն սպասարկումը մեր խանութներում և հեռախոսային սպասարկման կենտրոնում, լինել նորարար և առաջարկել այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք բավարարում են բոլորի պահանջները Երևանում, մյուս քաղաքներում և գյուղերում, լինել ներառված երկրի հասարակական և մշակութային կյանքում, հօգուտ մեր բաժանորդների օգտագործել մեր պրոֆեսիոնալիզմը, էներգիան ու դինամիզմը: Մի խոսքով՝ մենք կշարունակենք առաջարկել նոր ձայնային և ինտերնետ ծառայություններ բնակչության մեծ մասին՝ հոգ տանելով որակի մասին և շարունակելով ընդարձակել ծածկույթը: Մենք կնախապատրաստվենք համարների շարժունակության ծառայության ներդրմանը, որի շնորհիվ Հայաստանում բջջային հեռախոսակապի բաժանորդները հնարավորություն կունենան ազատորեն ընտրել իրենց օպերատորին՝ միաժամանակ պահպանելով իրենց հեռախոսահամարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները