«Երևի հոգնեցրել էի մորս». և մայրը, և հայրը հրաժարվել են իրենց անչափահաս որդուց (տեսանյութ)
Ռուսաստանից վերջերս Հայաստան վերադարձած անչափահաս Սարգիս Առաքելյանն այժմ մնացել է առանց ծնողական խնամքի: Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի ներքին գործերի վարչությունից ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 6-ին գրություն է ստացել, որով խնդրել են աջակցել Հայաստանի քաղաքացի անչափահաս Սարգիս Առաքելյանին Հայաստան տեղափոխելու հարցում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ոստիկանության աշխատակիցը մեկնել է Դոնի Ռոստով և Հայաստան տեղափոխել Սարգիսին: Ոստիկանությունը պարզել է, որ Սարգիսը Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ Կոմիտաս Առաքելյանի որդին է:
Սարգիսը բնակվել է մոր հետ, սակայն հետո մայրը` Անահիտ Գասպարյանը, հասկացել է, որ որդին խանգարել է ազատորեն զբաղվել անձնական հարցերով և Դոնի Ռոստովի Վորոշիլովսկի շրջանի կրթության բաժնում ծնողական իրավունքներից հրաժարվելու մասին դիմում էր ներկայացրել` պատճառաբանելով, թե չի կարող զբաղվել տղայի դաստիարակությամբ: Ծնողական խնամքից զրկված պատանին հայտնվել է Դոնի Ռոստովի ներքին գործերի վարչության իրավախախտ անչափահասների ժամանակավոր կացարանում:
Հայաստանում որդուց հրաժարվել է նաև հայրը` պտճառաբանելով, թե ինքը ընտանիք ունի, երեխաներ, իսկ ավագ որդու մասին լսել անգամ չի ուզում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Սարգիսը տեղափոխվել է ՀՕՖ աջակցության կենտրոն և խոստանում են լուծել նրա կեցության ու ուսման հետ կապված հարցերը: «Երևի հոգնեցրել էի մորս, այդ պատճառով հրաժարվեց ինձանից», ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցների հետ զրույցում ասել է Սարգիսը` նշելով, որ ցանկանում է գոնե մեկ անգամ նայել հոր աչքերին: