Հայաստանի` հարևանների հետ հարաբերությունները` ստատուս քվոյի շրջանակներում
«2012 թվականին Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները մնացին ստատուս քվոյի շրջանակներում»,- այսօրվա ասուլիսում ամփոփելով անցնող տարին` կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Նա կարևորեց որոշակի առաջընթացը Եվրամիության հետ հարաբերություններում, Հայաստանի մասնակցությունը նաև եվրասիական ինտեգրման գործընթացում, հավասարակշրված քաղաքականությունը Իրանի, Վրաստանի հետ և նույնիսկ Սիրիայի հարցում:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, բանախոսը նշեց, որ հայկական բանակի ակտիվ գործողությունների և հզոր ինքնապաշտպանության շնորհիվ «ադրբեջանական վիշապի գլուխը սեղմվել է գետնին և նա չի կարողանում շնչել»:
Նրա գնահատմամբ, Ադրբեջանը պատերազմական որևէ գործողություն չի ձեռնարկում, քանի որ չի կարող կռվել հայկական զինուժի դեմ:
Լևոն Շիրինյանը նշեց, որ որևէ հեռանկար չի տեսնում նաև հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ Անկարան դրանք կապում է Ղարաբաղյան հիմնահարցի հետ: