Հայաստանի նորընտիր նախագահը պետք է օժանդակի քաղաքացիական հասարակության զարգացմանը
«Գալիք նախագահական ընտրություններում իշխանությունների դեմ պայքարող լուրջ ֆավորիտ թեկնածու չկա և անիմաստ է դրանք փաթաթել էպոսագետներով և փիլիսոփաներով», - այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Դաշնակության և Հայ ազգային կոնգրեսի որոշումները անվանելով «նահանջ երգով»:
«ԲՀԿ-ի նման քայլով կորավ երկկուսակցական համակարգ ստեղծելու շանսը, ինչը նաև հանգեցրեց ընդդիմության կոլապսին և ֆիասկոյին», - ասաց բանախոսը, հավելելով, որ դա միայն «Բարգավաճ Հայաստանի» մեղքը չէ. «Ստեղծված իրավիճակի համար մեղավոր է կուսակցությունների նոմենկլատուրան, որը չկարողացավ ճանապարհ գտնել դեպի նախագահական ընտրություններ: Իշխանությունն ընդդիմության կործանման մեջ նույնպես մեղավոր չէ»:
Լ. Շիրինյանը խիստ կարևորեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դուրս գալը քաղաքականությունից, ասելով. «Ապազգայնությունը, մունաթը, պետք է դուրս շպրտել Հայաստանի քաղաքական մշակույթից»:
Միաժամանակ, նրա կարծիքով` դա կբերի ՀԱԿ-ի կործանմանը:
Անդրադառնալով նախընտրական մրցապայքարի մասնակիցներին, քաղաքագետը նշեց, որ ՀԱԿ-ից փաստացի դուրս եկած ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «իրական լիբերալիզմով չի առաջնորդվում: Նրա կարծիքով` շատ կարոր է ընտրություններին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնկացությունը` նրա արևմտյան քաղաքականությամբ. «Այն շատ կարևոր է մեր ներքաղաքական կյանքում, և պետք է ամեն ինչ անել, որ զարգացնենք դա: Ես շատ կուզենայի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնար ֆավորիտ ապագայի համար, քանի որ այս ընտրություններում ամեն ինչ ակնհայտ է»:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ ընտրություններին նոր երանգ կարող է հաղորդել ԼՂՀ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Պատասխանելով հարցին, թե ում կգնան ԲՀԿ-ի համակիրների ձայները, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդ ընտրազանգվածի օլիգարխիկ մասը, որը հոգով ու սրտով միշտ էլ իշխանությունների կողմն է եղել, կսատարի իշխանություններին, իսկ փոփոխություններ իսկապես պահաջող զանգվածը` Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ընդհանուր գնահատմամբ, ըստ բանախոսի` ընտրություններին խախտումներ չեն լինի, և կհաղթի գործող նախագահը: «Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկրորդ շրջանում պետք է սկսի երկրի շինարարությունն ու արդիականացումը, այլ ուղի չկա», - ասաց նա, ընդգծելով, որ նորընտիր նախագահը պետք է օժանդակի քաղաքացիական հասարակության զարգացմանը: