Հալեպահայ Վրույր Բիլեմջյանի միտքը միշտ Սիրիայում է. «Հույս ունենք, որ մի օր կվերադառնանք»
Հալեպահայ Վրույր Բիլեմջյանը Հայաստան է եկել այս տարվա օգոստոսի 14-ին` որպես «տուրիստ», սակայն Սիրիայում ընթացող հակամարտության պատճառով ստիպված է եղել մնալ: Այժմ նա սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսում` դեղագործություն: Panorama.am-ի հարցազրույցը Վրույրի հետ:
-Ինչպիսի՞ վիճակ է այժմ Հալեպում: Ի՞նչ են փոխանցում այնտեղի ձեր բարեկամները, ընկերները:
-Շատերը այժմ Հայաստանում են կամ Բեյրութում: Իսկ նրանք, ովքեր մնացել են այնտեղ, ասում են, որ վիճակը գնալով վատանում է: Լավատեսության ոչ մի հիմք չկա: Կարծում եմ, որ այդ խնդիրը դեռ երկար ժամանակ լուծում չի ստանա:
-Սիրիայում մնացած ձեր բարեկամներին, ընկերներին խորհուրդ չե՞ք տալիս գալ Հայաստան:
-Ամեն մարդ իր գործը ունի, իր տունն ու տեղը ունի, դժվար է միանգամից թողնել ամեն ինչ ու գալ: Հիմա ես այստեղ եմ ընտանիքիս հետ, բայց մեր միտքը միշտ այնտեղ է: Հույս ունենք, որ մի օր կվերադառնանք Հալեպ, քանի որ մեր կապերն այնտեղ է: Երբ այնտեղ էինք, բոլորս էլ մտածում էինք, որ մի օր գալու ենք Հայաստան` մշտապես բնակվելու: Սակայն ամեն ինչ շատ հապճեպ եղավ, քանի որ պայմաններն այդպես թելադրեցին:
-Ինչպե՞ս էինք դիմավորում Ամանորը Հալեպում:
-Նոր տարվա գիշերը հավաքվում էինք ճաշարանում: 12-ին բոլորս աղոթում էինք, այնուհետև` մինչև առավոտ երգում, պարում: Ճոխ նշում էինք: Տներում էլ սեղաններ էինք դնում: Կային ընտանիքներ, ովքեր հենց տանն էին դիմավորում` կազմակերպելով ընտանեկան հավաքույթ, խրախճանք:
-Ձեր արաբ ընկերները չէին մասնացո՞ւմ: Գիտեի՞ն, թե ինչ են տոնում քրիստոնյաները:
-Իհարկե, գիտեին: Այդ օրերին Հալեպը (որոշ թաղամասեր) զարդարում էինք լույսերով: Շատ գեղեցիկ էր: Հենց արաբներն էլ գիշերները դուրս էին գալիս փողոցներ` հիանում զարդարանքներով:
-Այստեղ ինչպե՞ս եք նշելու:
-Ռեստրոնում ենք դիմավորելու:
-Կցանկանայի՞ք 2013 թվականը Հալեպում դիմավորել:
-Դժվար հարց է: Կարծում եմ, այստեղ ավելի ուրախ կանցնի, ավելի լավ, ուղղակի այստեղ դեռ շատ բարեկամներ չունենք:
-Ամանորյա ձեր մաղթանը Սիրիայում մնացած հայերին:
-Աստված թող իրենց օգնի, ավելի վատ պայմաններում չթողնի: Հուսամ, մոտ ժամանակներս ամեն ինչ կավարտվի:
-Ինչ կխնդրեք Ձմեռ պապից:
-Խաղաղություն, առողջություն, ժողովրդին հաջողություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան