Կարատեիստ, ֆիզիկոս, թոշակառու. Նախագահական ընտրություններում առաջադրումներն այսօր կավարտվեն
2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումների ժամկետը, որ սկսվել էր դեկտեմբերի 25-ին, այսօր կավարտվի և կսկսվի նրանց գրանցման ժամանակահատվածը, որը կշարունակվի մինչև հունվարի 14-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով այս պահի դրությամբ որպես նախագահի թեկնածու առաջադրվել է Հայաստանի Հանրապետության 15 քաղաքացի:
Նրանք են՝
Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, որն ինքնառաջադրվել է:
Անկուսակցական, «Հայ-ռուսական հասարակական միավորում» ՀԿ նախագահ Ռոբերտ Ահարոնյանը, որը չի աշխատում և ինքնառաջադրվել է: Ռոբերտ Ահարոնյանը նախկինում Հայաստանի առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահն էր, որը միավորվեց Տիգրան Ուրիխանյանի հետ և արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը: Այնուհետև Ահարոնյանը հեռացավ կուսակցությունից, երբ Ուրիխանյանը հայտարարարեց իր՝ «Բարգավաճ Հայաստանին» միանալու մասին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ահարոնյանը հայտնի դարձավ նաև նրանով, որ ջանքեր գործադրեց միավորել կումունիստական կուսակցությունները և հայտարարեց ԽՍՀՄ-ը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Ռուբեն Այվազյանը, որը ինքնաառաջադրվել է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում փաստաբան է. Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ է:
Հրանտ Բագրատյանը, որը Հայաստանի նախկին վարչապետն է, «Ազատություն» կուսակցության նախագահն է և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Առաջադրվել է կուսակցության կողմից:
Ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, որն անկուսակցական է, չի աշխատում ու ինքնաառաջադրվել է:
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ևս ինքնաառաջադրվել է:
Արամ Հարությունյանը, որը Ազգային համաձայնություն կուսակցության նախագահն է ու ինքնառաջադրվել է:
Ինքնաառաջադրվել է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրիաս Ղուկասյանը, որը «Ռադիո հայ» ՍՊԸ-ի ժողովի նախագահն է, անկուսակցական է, ինքնառաջադրվել է:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որը հասարակական կարգով աշխատում է «Փախստականները և միջազգային իրավունքը» բարեգործական հասարակական կազմակերպությունում որպես քաղաքական հարցերով խորհրդատու, ինքնաառաջադրվել է:
Նարինե Մկրտչյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածուն է, աշխատում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում որպես դասախոս: Նա ինքնաառաջադրվել է:
Թեկնածուներից Պավլիկ Սարգսյանը թոշակառու է, որևէ տեղ չի աշխատում: Նա ինքնաառաջադրվել է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարդան Սեդրակյանը, որը անկուսակցական է ու էպոսագետ, չի աշխատում որևէ տեղ: Նա ինքնաառաջադրվել է:
Եվ վերջին թեկնածուն «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանն է: Նա անկուսակցական է ու ինքնաառաջադրվել է: