Ա.Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանի միակ մրցակիցը Սերժ Սարգսյանն է
«Րաֆֆի Հովհաննիսյանին բացառապես մի մրցակից եմ տեսնում, դա իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանն է: Այնպես որ թեև մյուս թեկնածուներին ու նաև ընդդիմադիր գործընկերներին հաջողություն եմ մաղթում, բայց համոզված եմ, որ պայքարը այս երկուսի միջև է ծավալվելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանն ունի իր հստակ ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը: Դրանից, ինչպես նշեց մեր զրուցակիցը, պարզ կդառնա, որ՝ «մենք գալիս ենք արմատական բարեփոխումներ իրականացնելու համար, քաղաքացուն իր իրավունքները վերադարձնելու համար, հայրենիքը արժևորելով նաև նրա հողում ապրող մարդուն արժևորելու համար և պետական եկամուտը արդար բաշխելու համար»:
«Ր.Հովհաննիսյանը ելել է պայքարի, այն պայքարի, որ այս տարիների ընթացքում իրականացրել է՝ պայքար հանուն հայավայել ապրելակերպի և համամարդկային արժեքների»,- ընդգծեց նա:
Իսկ թե ինչպիսի պայքար կծավալվի հարցին, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դա բոլորովին այլ հարց է և կախված է մի շարք գործոններից, այդ թվում և՝ թե որքան հասարակությունը կատկտիվանա և կամ այն ուժերը կակտիվացնեն ընտրական գործընթացները, որոնք հայտարարել են, թե չեն մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին:
«Ժառանգության» փոխնախագահը նկատեց, որ սպասում է քաղաքական առումով որոշակիորեն ապահովված ընտրություններ, քանի որ թեկնածուները ներկայացնում են տարբեր գաղափարախոսություններ, անգամ ընդդիմադիր դաշտն է ներկայացված: Իսկ բացասականն այն է, որ հատկապես խորհրդարանում ներկայացված ուժերը տարբեր պատճառաբանություններով որոշեցին չմասնակցել ընտրություններին:
«Ինչ վերաբերում է իմ սպասելիքներին, ապա իրավիճակն այս իմաստով բացառապես իշխանությունների դաշտում է գտնվում, թե ինչ ընտրություններ կանցկացնեն նրանք: Արդյո՞ք չենք ունենա ուռճացված ընտրացուցակներ, ընտրակաշառքի բաժանման մասայական դեպքեր կամ ադմինիստրատիվ ռեսուրսի լայնատարած օգտագործում... ես խիստ կասկածում ու քիչ հավանական եմ համարում»,- թվարկեց Ա.Մարտիրոսյանն ու հույս հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում էլ հեռուստաընկերությունները նույնքան ազատ կլինեն, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր:
«Պետք չէ ասել, որ որևէ մրցակցություն չկա, ու պայքար չի լինելու, պետք չէ հոռետես տրամադրություններ սերմանել. իրենք ևս պետք է մասնակցեն ու ակտիվացնեն ընտրական գործընթացները»,- վերադառնալով այն քաղաքական ուժերին, որոնք հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, նշեց «Ժառանգության» փոխնախագահը ու հավելեց, որ ակնկալում է թեժ պայքար՝ հաշվի առնելով, որ վատ թեկնածուներ չեն առաջադրված, քաղաքականապես թրծված են ու ասելիք ունեն: