Այսօր մեռելոց է. Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին
Հայ Առաքելական Եկեղեցին տարվա ընթացքում նշում է հինգ տաղավար տոն` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: Տաղավար կամ գլխավոր տոներին հաջորդող օրերը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
Այսօր մեռելոց է. նախօրեին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում էր տաղավար տոներից առաջինը` Սուրբ ծնունդը: Այսօր հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Նշենք, որ Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին` տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին: