Քուվեյթցի հերթական բլոգերն է բանտարկվել Թվիթերում գրառման համար
Քուվեյթի բնակիչը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել Թվիթերում գրառման համար, որն, ըստ դատարանի, վիրավորանք է երկրի ղեկավարի՝ էմիր Սաբահ ալ-Սաբահի հասցեին, հաղորդում է Ռոյթերզը: Գրառումը կատարվել էր 2012-ի հոկտեմբերին Ռաշիդ Սալեհ ալ-Անզիի միկրոբլոգում, որին բաժանորդագրված է մոտ 6 հազար մարդ: Թե հատկապես ինչն է վիրավորական եղել էմիրի համար, չի նշվում: Ալ-Անզիի փաստաբանն ասել է, որ կբողոքարկի դատավճիռը:
Աղբյուրը նշում է, որ սա առաջին նմանատիպ գործը չէ Քուվեյթում: 2012-ի հունիսին քուվեյթցի բլոգերներից մեկը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել թվիթերյան գրառումով պետության անվտանգությանը սպառնալու, Սաուդյան Արաբիայի ու Բահրեյնի ղեկավարող ընտանիքներին և Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով: Սեպտեմբերին նմանատիպ մեղադրանքով եռամսյա բանտարկության էր դատապարտվել քուվեյթցի մեկ այլ բլոգեր: