Ստորագրահավաք սիրիահայերի առջև Թուրքիայի սահմանի բացման համար. անհրաժեշտ է 25 հազար ստորագրություն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում կազմակերպվել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանի բացման համար: Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Թուրքիան առանց նախապայմանների բացի սահմանը Հայաստանի հետ` առնվազն սիրիահայ փախստականների համար:
Ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել «sign this petition» կոճակը:
Բաց սահմանի դեպքում հնարավոր կլինի առավոտյան Հալեպից դուրս գալով ուշ երեկոյան հասնել Երևան, իսկ այսօր սիրիահայերը անցնում են կրկնակի երկար ճանապարհ, մտնում են իրենց համար բացարձակապես անծանոթ և անցագիր պահանջող Վրաստան:
Ստորագրահավաքի հայտարարության (դիմումի) տեքստում գրված է.
«Մենք` Օբամայի ադմինիստրացիային ուղղված ստորագրահավաքի մասնակիցներս, խնդրում ենք`
Կոչ անել Թուրքիայի կառավարությանը բացել Հայաստանի հետ իր սահմանը` Սիրիայից փախստականների համար
Ավելի քան 60.000 մարդ է սպանվել Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով:
500.000 փախստականներ փախչելով փրկվել են պատերազմից ու մահից... Բայց միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անել դա:
Շատ քիչ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում Սիրիա, տոմսերի քանակն էլ խիստ սահմանափակ է: Հիմնականում, մարդիկ փախչում են Սիրիայից ավտոբուսներով և մեքենաներով:
Սիրիայում բնակվում են 200.000 հայեր, որոնց մեծ մասը ցանկանում է փախչել Հայաստան, որտեղ անվտանգ է, որտեղ իրենք կարող են իրենց ապահով զգալ, կարող են գտնել բնակարան, աշխատատեղ և դպրոց գնալ:
Սիրիայից Հայաստան եկող ճանապարհը անցնում է Թուրքիայով, որը փակել է Հայաստանի հետ սահմանը դեռ 1993-ին, և դա մեծ դժվարություններ է ստեղծում Սիրիայից փախստականների համար:
Ուստի, մենք խնդրում ենք կոչ անել Թուրքիային, որ վերջինս բացի իր ցամաքային սահմանը Հայաստանի հետ (աեռնվազն փախստականների համար) առանց որևէ նախապայմանների:
21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն»:
Նշենք, որ ստորագրահավաքը շարունակվելու է մինչև փետրվարի 4-ը: Անհրաժեշտ է 25 հազար ստորագրություն: Այս պահին արդեն 70 ստորագրություն կա: