Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք. միջոցառումները շարունակվում են
2012 թվականի ապրիլի 22-ին Երևանը ստանձնել էր գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը: Երևանն այդ տիտղոսը կրելու է մինչև այս տարվա ապրիլի 22-ը, այնուհետև փոխանցելու է Բանգկոկին: Այս առիթով Հայաստանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնց կենտրոնում եղել է գիրքը: Մինչև տիտղոսի փոխանցումը, ըստ «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պաշտոնական կայքի, ևս անցկացվելու են միջոցառումներ` «Գիրք նվիրելու օր» ծրագիր (հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19), Գրողների և գրական հերոսների դիմանկարներով ցուցապաստառների մրցույթ-ցուցահանդես (փետրվարի 21), Գրքի երևանյան 9-րդ տոնավաճառ (փետրվարի ընթացքում), «Մուտքը` գրքով» միջոցառումների շարք (մարտ-ապրիլ), Գրքի II միջազգային ցուցահանդես ArmBookExpo (ապրիլի 21):
Ապրիլի 22-ին պետք է ամփոփ ներկայացվի տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, արդյունքները, ցուցադրվի ֆիլմ, այնուհետև`«Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը հանդիսավոր կերպով փոխանցվելու է 2013 թ. գրքի մայրաքաղաք Բանգկոկին:
Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրվա հաջողված փորձից հետո (որը նշվում է 1996 թվականից ապրիլի 23-ին), ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախաձեռնել է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի նախագիծը:
Առաջինը գրքի համաշխարհային մայրաքաղաք դարձել է Մադրիդը 2001թ.: Նախագիծը հաջողվել է, և կազմակերպության գլխավոր համաժողովը հաստատել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ամենամյա անվանակարգը: Կնքվել է համագործակցության պայմանագիր, համաձայն որի Մադրիդից հետո գրքի մայրաքաղաքներ են դարձել Ալեքսանդրիան (2002թ.), Նյու Դելին (2003թ.), Անտվերպեն (Բելգիա) 2004թ., Մոնրեալը (Կանադա) 2005թ., Թուրինը (Իտալիա) 2006թ., Բոգոտան (Կոլումբիա) 2007թ., Ամստերդամը (Նիդերլանդներ) 2008թ., Բեյրութը (Լիբանան) 2009թ., Լյուբլյանան (Սլովենիա) 2010թ., Բուենոս Այրեսը (Արգենտինա) 2011թ., Երևանը (Հայաստան) 2012թ., իսկ 2013 թվականին դառնալու է Բանգկոկ (Թաիլանդ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան