48 ժամ՝ ընտրագրավը վճարելու համար. ԿԸՀ-ն 7 թեկնածուի մասով որոշում կայացրեց
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուներից 7-ին տրվեց 48 ժամ ընտրական գրավը մուծելու համար:
Մհեր Հայրապետյանը 1000 դրամի անդորրագիր էր ներկայացրել: Նա այսօր ԿԸՀ-ին առաջարկեց ընդունել 50 հազար դրամի երաշխավորություն, որ ինքը սահմանված ժամկետում կվճարի «Ընտրական օրենսգրքով» պահանջվող 8 մլն դրամ գրավը:
ԿԸՀ նիստում մեծ աղմուկ բարձրացրեց առաջադրված թոշակառու Պավլիկ Սարգսյանը: Նրա խոսքով, հանձնաժողովը խախտում է սահմանդրական նորմը, ըստ որի յուրաքանչյուր մարդ ընտրվելու իրավունք ունի:
Մի քանի րոպե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ բանավիճելուց հետո նա հայտարարեց, որ Մուկուչյանը խախտում է նաև խոսելու իր իրավունքը: Մինչ Պավլիկ Սարգսյանը խոսում էր ու բարձրաձայնում իր իրավունքների մասին, ԿԸՀ անդամները միաձայն որոշում կայացրեցին տրամադրել նրան և մնացած վեց թեկնածուներին 48 ժամ պահանջվող գրավը վճարելու համար: Պ. Սարգսյանը հայտարարեց, որ ինքը սոցիալապես անապահով է և չի կարող վճարել այդքան գումար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ծանուցումն ուղարկել է փաստաթղթերը լիարժեք չներկայացրած 8 թեկնածուներին: Նրանք են՝
Տարոն Կոլյայի Աբրահամյանը
Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը
Ռուբեն Լևի Այվազյանը
Մհեր Արամայիսի Հայրապետյանը
Արամ Սերգեյի Հարությունյանը
Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը
Պավլիկ Վասպուրի Սարգսյանը
Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում