«Կծագի մեծ սկանդալ, եթե պարզվի, որ Փաշազադեն ունի այդ հայտարարության ձայնագրությունը»
«Արցախի վերաբերյալ` Վրաց պատրիարք Իլիա Երկրորդին վերագրվող հայտարարության տարածումը ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից քաղաքական կեղծիքի և ապատեղեկատվության կուրս»,- այսօրվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` անդրադառնալով ԶԼՄ-ներում տեղ գտած Վրաստանի հոգևոր առաջնորդի հայտարարությանը, թե Ղարաբաղը եղել է և կմնա Ադրբեջանի կազմում:
Բանախոսը հիշեցրեց, որ նույնիսկ ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունը չէր խուսափում դիմել նման կեղծիքների` խեղաթյուրելով տարբեր քաղաքական գործիչների հայտարարությունները:
«Նման դեպքն առաջինը չէ: Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանական կողմը տարբեր դիրքորոշումներ է վերագրել օտարերկրացի քաղաքական և պետական գործիչներին, թե ԵԱՀԿ համանախագահների, և նույնիսկ` Հայաստանի և Արցախի պաշտոնական ներկայացուցիչներին: Սա պետք է դիտարկել որպես Ադրբեջանի կեղծիքի և ստի քաղաքականության ուղեգիծ»,-ասաց նա:
Քաղաքագետը նաև չբացառեց, որ եղել է իրավիճակային մի քանի տարբերակ. կամ Իլիա պատրիարքն ասել է նման բան, բայց ոչ պաշտոնապես և սակավ մարդկանց ներկայությամբ, որպեսզի զուտ շոյի ադրբեջանցիների ականջը, կամ էլ` ասվել է լրիվ այլ բան, և այդպես է ներկայացվում հենց ադրբնեջանցիների կողմից: Նրա խոսքով` հնարավոր է նաև, որ Իլիան իրականում նման հայտարարություն արել է, բայց հետագայում փոշմանել է ասածի համար:
«Կծագի մեծ սկանդալ, եթե պարզվի, որ Ալլահշուքյուր Փաշազադեն ունի այդ հայտարարության ձայնագրությունը», - ասաց բանախոսը:
Ալեքսանդր Մանասյանը խորհուրդ տվեց հայկական կողմին պահպանել սառնասրտություն և չդիմել կտրուկ քայլերի: «Շտապողականությունը դրական արդյունքների չի բերի: Պետք չէ բորբոքել իրավիճակը: Վերջիվերջո` սուտասանը կբացահայտնվի», - եզրափակեց նա: