Ն.Զոհրաբյան. Անհանգիստ Ադրբեջանը կրկին գործի է դրել իր ողջ նավթադոլարային և խավիարային ռեսուրսը
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը, որը մեկնարկում է հունվարի 21-ից, բավականին ծանրաբեռնված է լինելու և ներառելու է մի քանի կարևոր բանաձևերի նախագծերի քննարկում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Առաջին զեկույցը վերաբերելու է Ադրբեջանի պարտավորությունների կատարմանը, որը կներկայացնեն Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ագրամունտն ու Գրեշը, իսկ երկրորդ կարևոր զեկույցը վերաբերելու է Ադրբեջանում քաղաքական հայացքներով ազատազրկված քաղբանտարկյալների խնդրին: Այնպես որ, ինքնին հասկանալի է, թե ինչ թեժ քննարկումներ են սպասվում»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Արդեն իսկ, շարունակեց նա, տեղեկություններ են ստացվում, որ այս երկու զեկույցների պատճառով Ադրբեջանը անհանգիստ իրավիճակում է հայտնվել և կրկին գործի է դրել իր ողջ նավթադոլարային և խավիարային ռեսուրսը և այս կոնտեքստում բազմաթիվ եվրոպացի պատգամավորների պատրաստել, որոնք ելույթ են ունենալու և պաշտպանելու են Ադրբեջանի տեսակետը. «Բնականաբար և ես, և, կարծում եմ, հայկական պատվիրակության այլ անդամներ ևս այդ երկու թեժ քննարկումների ժամանակ մեր տեսակետը կներկայացնենք»,- նշեց մեր զրուցակիցը:
Կլինեն այլ հետաքրքիր զեկույցներ ևս, Ն.Զոհրաբյանը առանձնացրեց դրանք` ԵԽ անդամ երկրների ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ, Ռուսաստան-Վրաստան հումանիտար պատերազմի վերաբերյալ բանաձևի քննարկում, ինչպես նաև զեկույց Կոսովոյում իրավիճակի և Կոսովոյում ԵԽ դերի վերաբերյալ. «Հատկապես այս վերջին զեկույցի շրջանակում կարելի է հետաքրքիր զուգահեռներ անցկացնել մեզ համար, ես ինքս նախատեսում եմ ելույթ ունենալ»,- նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը:
Քանի որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկը համընկնում է Հայաստանում պաշտոնական քարոզարշավի մեկնարկի հետ, ապաև հետաքրքրվեցինք` մտավախություն չունի արդյո՞ք, որ հայկական պատվիրակությունը, հաշվի առնելով կարևոր քաղաքական այս իրադարձությունը, ամբողջական կազմով չի մեկնի ու չի մասնակցի այդչափ կարևոր նստաշրջանի աշխատանքներին, երբ ջրի երես են դուրս բերվելու ադրբեջանական թերություններն ու խնդիրները. «Ես չեմ կարող ասել, թե ինչ կազմով պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ, սակայն այսօր իմ ունեցած տեղեկություններով, պատվիրակության բոլոր անդամներն էլ մեկնելու են: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա պատվիրակությունում ներկայացված երկու անդամներն էլ` ես և Վահե Հովհաննիսյանը անպայման մասնակցելու ենք վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Սակայն կրկնում եմ` իմ ունեցած տեղեկություններով պատվիրակությունը մեկնելու է ողջ կազմով»,- տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:
«Իրապես կարևոր ու բավականին հագեցած նստաշրջան է և ես կարծում եմ մենք կկարողանանք բավականին օպտիմալ օգտագործել այս նստաշրջանի ընձեռած հնարավորությունները` Հայաստանի արտաքին, քաղաքական, եվրոպական օրակարգային խնդիրները բարձրացնելու համար»,-հավելեց նա:
Ն.Զոհրաբյանը հիշեցրեց, որ մայիսից Հայաստանն առաջին անգամ ստանձնելու է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, այնպես որ լուրջ ու բավականին մեծ աշխատանք է սպասվում հայկական պատվիրակությանը թե ձմեռային, թե նաև ԵԽԽՎ գարնանային նստաշրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան