Անփութություն, թե կանխամտածված «կար». Կ. Կարապետյանը մեղադրում է բժիշկներին
Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը մեղադրում է բժիշկներին կնոջը հաշմանդամ դարձնելու, ինչպես նաև նրա երիկամը վաճառելու մեջ:
Panorama.am-ը գնաց «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսանյութի հետքերով: Panorama.am-ի հետ զրույցում Կարեն Կարապետյանը պատմեց, որ կինն ունեցել է ձվարանների կիստա, վիրահատվել է 2008 թ. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, վիրահատել է կենտրոնի տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
«Նախքան վիրահատությունը, նա համաձայնությունը տվել է, որ հեռացնեն միայն կիստաները, սակայն առանց իրեն տեղյակ պահելու հեռացրել են արգանդը իր հավելումներով միաժամանակ անփութորեն կարել են միզածորանը: Չորս օր Օկոևի հսկողության տակ է եղել ու նա չի իմացե՞լ, որ կարել է միզածորանը: Հինգ օր ցավազրկրել են, տարել են էխոյի, ու երբ զանգել և Օկոևին տեղյակ են պահել հիվանդի վիճակի մասին, ասել է` ցավազրկեք մինչև երկուշաբթի գամ»,- պատմեց Կ. Կարապետյանը:
Նա պատմեց, որ նախապես պայմանավորվել էին Գ. Օկոևի հետ, որ վճարելու են 700 դոլար, «սակայն հետո երբ հասկացել է, որ բողոքում ենք, ասել է, թե պատպատվերի շրջանակներում է վիրահատությունն արել: «Այդ պետպատվերը նրանք գողացել են մի ընչազուրկ ընտանիքից: Իսկ ես կարող էի այդ գումարը վճարել»,- ասաց վիրահատված կնոջ ամուսինը:
Կարապետյանի ներկայացմամբ, բժիշկները խորհուրդ են տվել հեռացնել երիկամը, որը թեև առողջ է եղել, բայց միզածորանի` շարքից դուրս գալու պատճառով անիմաստ է եղել պահել: «Քանի որ ձախ միզածորանը կարած լինելու պատճառով չի կարողացել դատարկվել, «Արմենիա» բժշկական կենտրոնում փորձել են դատարկել երիկամը մեզից ու կողքից ասեղ են մտցրել, հասցրել մինչև երիկամ»,-ասաց նա:
Մեր ոչ մասնագիտական դիտարկմամբ, տարօրինակ է հնչում, որ մեկին պետք չեկած երիկամը պետք լինի ուրիշին` փոխպատվաստելու համար: Այս հարցը ու մեղադրանք ճշտելու համար փորձեցինք կապվել Գ. Օկոևի հետ, սակայն ժամեր շարունակ մեզ նույն պատասխանն էին տալիս. «Բաժանմունքներից որևէ մեկում է»: Առողջապահության նախարարությունից էլ ասացին, որ տեսանյութին ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց կարծիքը:
Երիկամի հեռացման վիրահատությունը կատարվել է «Նաիրի» ԲԿ-ում, վիրահատել է բ.գ.թ., ուռոլոգ Արմեն Ադամյանը: «Երիկամը հեռացնելուց առաջ մենք պահանջել ենք օրգանը մեզ տրամադրել, ինչի վերաբերյալ հիվանդանոցի հետ գրավոր համաձայնություն կա: Սակայն վիրահատությունից հետո հիվանդանոցը հրաժարվել է տրամադրել երիկամը՝ պատճառաբանելով, թե փորձաքննության են ուղարկել»,-ասաց Կ. Կարապետյանը: Նրա համոզմամբ, երիկամը վաճառել են
Բժիշկների անփութության հետևանքով կինը չորս վիրահատություն է տարել: Գ. Օկոևը, ըստ նրա, նախապես խոստացել է, որ բոլոր վիրահատությունների գումարը ինքը կվճարի, սակայն «երբ իմացավ, որ գումարը 2 միլիոնից մի քիչ ավել է, ասաց, որ միայն 1 միլիոնը կվճարի»: Հիվանդի ամուսինը Օկոևին համարում է այս պատմության «կնքահայրը», ում անփութության շնորհիվ իր կնոջ երիկամը վաճառվել է:
Կ. Կարապետյանը դիմել է դատարան, մեղադրանք ներկայացրել Գ. Օկոևի դեմ. «Դիմել ենք քաղհայցով (փաստաբան Տիգրան Աթանեսյան) և ի վնաս մեզ է որոշում կայացվել` 300 հազար տուգանք Օկոևի փաստաբանին վճարելու համար»: Փաստաբանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը բողոքարկել են` դիմելով Վերաքննիչ դատարան: Քրեական մասով, ըստ Կ. Կարապետյանի դատավարությունը շարունակվում է (2009 թվականից), դատարանը (Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Գագիկ Խանդալյան) սպասում են անկախ փորձաքննությունների արդյունքներին: «Գործը ձգձգվում է ու երեք պատճառով կարող է դա լինել` կամ Օկոևն այնքան հզոր է, որ իրավապահ մարմինները չեն համարձակվում, երկրորդ` գործը ջրած է, երրորդ` իրավապահ մարմինները չեն ընկալում հարցի էությանը»,- ասաց նա:
Նշենք, որ այժմ Նունե Մաղաքյանը երրորդ կարգի հաշմանդամ է, ինչպես ներկայացնում է ամուսինը` «բժշկական գոտի կապած, ցավ քաշելով, տնտնքալով ման է գալիս»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները