Եթե ծունկս չցավար, կգնայի դատարան. Սուրենյանցը չի խուսափել ներկայանալ դատի
«Ես արդեն զանգել եմ դատարան և խոսել եմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի այսօր ծունկս էր ցավում, դրա համար չեմ ներկայացել նիստին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Այսօրվա նիստում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բերման ենթարկել Սուրենյանցին:
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դատական պրոցեսների մեջ է. նա մեղադրվում է ՀՀ Քրեական գործի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «խարդախությունը` խոշոր չափերով»: Ըստ գործի նյութերի, Սուրենյանցը խարդախությամբ հափշտակել է ուրիշի գույքը` չարաշահելով իր ծանոթ Գրիգոր Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 ՀՀ դրամ գումարին։ Գրիգոր Ղասաբյանը, որը Հրազդան քաղաքի բնակիչ է, գործով համարվում է տուժող:
«Բերման ենթարկելու կարիք չի լինի: Եթե ծունկս չցավար, ես կգնայի: Ես չեմ խուսափել նիստին ներկայանալուց: Հունվարի 16-ին ես ինքս կներկայանամ դատարան», - հավելեց Սուրենյանցը:
Ավելի վաղ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Սուրենյանցն ասել էր, որ ինքը տուժող կողմի հետ հաշտվել է, և խնդիրն այժմ լուծված է: Հետաքրքրվեցինք` ի՞նչ փուլում է այժմ խնդիրը, լուծվե՞լ է, Սուրենյանցը պատասխանեց. «Հունվարի 16-ին կգաք նիստի և կհամոզվեք, որ պայմանավորվածությունը հարգվել է ու ամեն ինչ նորմալ է: Դա այսօր կլիներ, եթե ոտքս չցավեր ու ներկայանայի դատարան»:
Նախորդիվ`
Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախությամբ գումար հափշտակելու համար