Ինչո՞վ ու ե՞րբ են սնվում Երևանի կենդանաբանական այգու օձերը
2012-ը Երևանի կենդանաբանական այգու համար ձեռքբերումների, նոր պայմանավորվածությունների, համագործակցության, ադմինիստրատիվ փոփոխությունների տարի էր: Օրինակ, անցած տարում հաջողվել է իրականացնել կենդանիների անհատական հաշվառում, անձնագրերի ստեղծում, կենդանիների առանձնյակների հաշվետվության համակարգի ներդրում, կառավարման մեխանիզմների փոփոխություն, որի արդյունքում այգին ունեցել է 50%-ով ավելի եկամուտ՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2010-ի համեմատ՝ 400%-ով ավելի:
Panorama.am-ը անցած տարվա, այգու առկա վիճակի ու անելիքների մասին զրուցել է կենդանաբանական այգու մամուլի բաժնի պատասխանատու Կարինե Մուրադյանի հետ:
-2013-ն օձի տարի է: Այս պահին այգում օձերը քանի՞սն են: Ինչո՞վ են կերակրվում:
-Երևանի կենդանաբանական այգին ունի 20 տեսակի 35 օձեր: Սնվում են ծովախոզուկներով, ճագարներով, ճերմակ մկներով և ճերմակ առնետներով: Օձերի սնվելը կախված է նրանց ֆիզիոլոգիական վիճակից ու կենսաբանական առանձնահատկությունից: Կերակրվում են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի:
-Քանի՞ կենդանի կա այս պահի դրությամբ: Քանի՞ կենդանի է լույս աշխարհ եկել 2012-ի ընթացքում:
-2012-ին Երևանի կենդանաբանական այգում լույս աշխարհ են եկել 146 ձագուկներ: Առաջին ծինը գրանցվել է 07.01.2012 թվականին արջի մոտ, իսկ վերջինը՝ 26.12.2012-ին` ուղտայծի մոտ: Այգին ունի 207 տեսակ՝ 1400 գլուխ կենդանի:
Երևանի կենդանաբանական այգում այս տարի ծնվել են`
Սմբակավորների բաժնում
Պտավոր եղջերու 2
Շոտլանդական պոնի 2
Հայկական մուֆլոն 2
Կամերունյան այծ 3
Բեզոարյան այծ 2
Սիբիրյան այծեղջյուր 1
Ուղտայծ 4
Եվրոպական եղնիկ 2
Գիշատիչների բաժնում
Գորշ արջ 1
Թռչունների բաժնում
Ընտանի բադ 56
Սպիտակագլուխ անգղ 4
Քարեկաքավ 4
Արծաթափայլ փասիան 10
Թագավորական փասիան 1
Ալեձև թութակ 12
Թագավորական փասիան 1
Ոկեգույն փասիան 3
Փասիան Սվայնո 1
Խայտահավ 4
Ճապոնական հավեր 20
Եգիպտական թռչող շնիկ 1
Սողունների բաժնում
Հայկական միջերկրյածովյան կրիա 10:
-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել կենդանիների պայմանների բարելավման առումով:
-Բոլոր կենդանիները, որոնք պետք է մնան ձմեռանոցներում, ունեն տաքության համար անհրաժեշտ բոլոր պայմաններ: Ձմեռանոցների մի մասը ջեռուցվում է գազով, մյուս մասը՝ էլեկտրաէներգիայով:
Գոյություն ունի կենդանիների զբաղվածության հատուկ ծրագիր: Արտերկրից ձեռք են բերվել կենդանիներին զբաղեցնելու համար մեծ թվով հատուկ սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հատկապես ձմեռանոցներում ապրող կենդանիներին՝ ապահովվել զբաղվածությունն ու նպաստել նրանց առողջ ապրելակերպին:
-Քանի՞ այցելու է ունեցել կենդանաբանական այգին 2012-ին:
-Անցած տարի Երևանի կենդանաբանական այգի է այցելել 275.000 մարդ, 2011թ.-ին այցելուների թիվը եղել է 255.000, իսկ 2009թ.-ին ընդամենը 90.000 մարդ: Սա նշանակում է, որ այս տարի այգին ունեցել է 20.000-ով ավելի այցելու, քան անցած տարի: Նրանց թվում էին նաև շատ զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից:
-Ընդհանուր առմամբ քանի՞ խնամակալ ունեն այգու կենդանիները, հիմնականում ովքե՞ր են: Մեծ մասը ի՞նչ մակարդակի խնամակալներ են /բրոնզ, արծաթե և այլն/:
2011-ի մայիսից Երևանի կենդանաբանական այգին իրականացնում է ‹‹Կենդանիների խնամակալություն›› ծրագիրը: Յուրաքանչյուր ոք մեկ տարի ժամկետով կարող է դառնալ իր նախընտրած կենդանու խնամակալը և դրանով իր ներդրումն ունենալ այգու զարգացման և կենդանիների բարեկեցության ապահովման գործում: Գործում է խնամակալության 4 մակարդակ՝ բրոնզե, արծաթե, ոսկե, պլատինե: Անհատական խնամակալության դեպքում ՝ ներդրման չափը 20.000 դրամից 100.00 ՀՀ դրամ է: Երևանի կենդանաբանական այգու խնամակալների թիվը հասնում է 60-ի: Ծրագրով հետաքրքրվածները ո´չ միայն Հայաստանից են այլ նաև աշխարհի տարբեր երկրներից: Մեր այս նախաձեռնությանը մասնակցում են նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գործարարներ:
-Այս տարվա հիմնական անելիքները որո՞նք են լինելու: Ի՞նչ կենդանիներով է նախատեսվում համալրել:
-Հաջորդ տարի նախատեսվում է սկսել վագրերի ու արջերի համար նախատեսված նոր ազատավանդակների կառուցումը: 2013-ի հունվար ամսին իր նոր ազատավանդակ կտեղափոխվի պտավոր բորենին (Crocuta crocuta): Նոր ազատավանդակն ունի կենդանատեսակի EAZA-ի չափորոշիչներին համապատասխան բնորոշ 650 քառակուսի մետր տարածք:
Ինչպես նաև նախատեսվում է ավարտին հասցնել մանկական այգու, կերախոհանոցի, բուժկենտրոնի, անիմաթերապիայի կենտրոնի շինաշխատանքները: Երևանի Կենդանաբանական այգու համար հաջորդ տարի նախատեսում ենք ձեռք բերել ջայլամ, բենգալյան վագր, զեբրեր, մերձարևադարձային թիթեռներ, մողեսներ, տապիռներ: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: