2013-ին ԼՂ հակամարտության գործընթացում շոշափելի առաջընթաց ակնկալելն իրատեսական չէ
2013թ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ շոշափելի առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ: Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի հետ կապված հնարավոր զարգացումներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետի կարծիքով, սպասվելիք զարգացումները հիմնականում պայմանավորված կլինեն, ոչ այնքան բանակցային գործընթացով, որքան թե Հայաստանում և թե Ադրբեջանում մեկնարկելիք ներքաղաքական նոր շրջափուլով:
Քաղաքագետը շեշտեց, որ թե Հայաստանում և թե Ադրբեջանում 2013թ սպասվում են նախագահական ընտրություններ, ինչն որոշակի ազդեցության կթողնի Արցախյան հիմնահարցում հնարավոր զարգացումների վրա:
Քաղաքագետը նշեց, որ Ալիևյան վարչակարգը հերթական անգամ կփորձի ղարաբաղյան հիմնահարցի միջոցով շեղել հասարակության ուշադրությունը ներքին, կենսական նշանակության ունեցող խնդիրներից:
Բանախոսի կարծիքով, Բաքվի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ներքաղաքական և ներհասարակական բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում արտաքին վտանգի գաղափարի ուռճացումը միայն կարող է կոնսոլիդացնել հասարակությունը իշխանությունների շուրջ:
«2013թ.-ին Ադրբեջանում և Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ Ալիևը իշխանությունը պահպանելու համար օգտագործելու է ղարաբաղյան թեման և փորձելու է այդ հարցի շուրջ լարվածություն ստեղծելով` կոնսոլիդացնել ադրբեջանական հասարակությունը»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը նշեց, որ պաշտոնական Բաքուն անընդհատ լարվածություն է ստեղծում և քայլեր է ձեռնարկում բանակցային գործընթացը տապալելու և փակուղի մտցնելու ուղղությամբ, և հենց այս պատճառով քիչ հավանական է, որ 2013թ.-ին գործընթացում կարող է գրանցվել որոշակի առաջընթաց: