Football.ua-ն լավագույն լեգեոներ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին
Ուկրաինական football.ua հեղինակավոր կայքն ամփոփել է 2012 թ. լավագույնների ընտրության արդյունքները երկրպագուների քվեարկությամբ: Հատկանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է 2012 թ. լավագույն լեգեոներ: Ահա թե ինչպես է մեկնաբանում իր ընթերցողների ընտրությունը football.ua-ն:
«Թեև 2012 թ. ընթացքում Ուկրաինայում հանդես եկող մի շարք լեգեոներներ բավական լավ են հանդես եկել, այնուամենայնիվ, քվեարկության ամենասկզբում արդեն պարզ էր, որ հաղթող կդառնա Հենրիխ Մխիթարյանը: Հնարավոր է` գարնանը նա այնքան էլ կարևոր տարր չէր իր թիմի համար, սակայն նոր մրցաշրջանի արդեն մեկնարկում անհավանական օգուտ տվեց «Շախտյորին»: Ինչ կարելի է ասել, եթե Հենրիխն ընթացիկ մրցաշրջանի 18 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ:
Վիլիանին կարելի է համարել այս անվանակարգի գլխավոր անհաջողակներից մեկը: Նա 3-րդ տարին անընդմեջ հայտնվում է լավագույնների ցուցակում, սակայն 2-րդ տեղից ավելին չի հաջողվում բարձրանալ, ինչպես և այս անգամ` դառնալով արծաթե մրցանակակիր: Պարզապես 2012 թ. արդյունքներով Մխիթարյանի հետ մրցելն անհավանական էր»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուկրաինայի լավագույն լեգեոների կոչմանն արժանացել է Կլեյտոն Շավիերը:
2012 թ. արդյունքներով, ինչպես արդեն նշեցինք, լավագույնի կոչմանն արժանացել է հայ ֆուտբոլիստը, ում օգտին գրանցվել է ձայների 40 տոկոսը: Վիլիանը 2-րդն է` 25 տոկոս ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ժուլիանոն` «Դնեպրից»` 16 տոկոս ձայնով:
Հավելենք, որ football.ua կայքի վարկածով 2012 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Եվգենի Կոնոպլյանկան` «Դնեպրից», լավագույն ուկրաինացի լեգեոներ` Անդրե Դիկանը` «Սպարտակից», իսկ լավագոյն մարզիչ` Խուանդե Ռամոսը` նույնպես «Դնեպրից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում