«Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի». Ս. Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»,- հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի մասին ասել է ֆրանսիացի հանրահայ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարը:
89 տարի առաջ հենց այս օրը Թբիլիսիում ծնվել է Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան):
Մանկուց նա նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին:
Նրա ֆիլմերը՝ «Մոռացված նախնիների ստվերը», «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշիկ Քերիբը» բազմիցս արժանացել են միջազգային փառատոնների հեղինակավոր մրցանակների և դասվում են համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների շարքը։
1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992 թ.):
Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին Երևանում, թոքերի քաղցկեղից: Մահվանից մեկ տարի անց Երևանում բացվել է Փարաջանովի տուն-թանգարանը: Փարաջանովի տուն-թանգարանում պահվում են նրա աշխատանքները, որի հիմնական մասը գծանկարներ են, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև Փարաջանովի կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված Թբիլիսիի տան կահ-կարասին և անձնական իրերը։
Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը:
Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ:
«Կինոյի աշխարհը մի հրաշագործիչ կորցրեց: Փարաջանովի երևակայությունը հավերժ կդյութի և ուրախություն կպարգևի աշխարհի ժողովուրդներին»,- սա մի հատված է Ֆեդերիկո Ֆելլինիի, Տոնինո Գուեռայի, Ջուլիետա Մազինայի, Ալբերտո Մորավիայի, Մարչելլո Մաստրոյանիի, Բեռնարդո Բերտոլուչիի` Փարաջանովի մահվան կապակցությամբ Երևան ուղարկած հեռագրից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները