Չմասնակցողների մասնակցության շուրջ
«Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և Հայ Յեղափոխական դաշնակցությունը գրեթե միաբերան որոշեցին, որ առաջիկա նախագահական ընտրություններում չեն մասնակցում և որևէ թեկնածուի չեն սատարում: Ճիշտ է` ՀՅԴ-ն մանևրի որոշակի «լյուֆթ» թողել է` հայտարարելով, որ չի սատարելու իշխանության թեկնածուին, բայց սա, թերևս ձևական է, քանի որ որքանով կարելի է դատել, դաշտում եղած թեկնածուներից որևէ մեկը չի ստանձնի ՀՅԴ-ի «յոթ կետանոց օրակարգի» իրականացումը ու այդկերպ կստիպի, որ ՀՅԴ-ն նույնպես վարվի այնպես, ինչպես ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ նշված երեք ուժերը պաշտոնական հայտարարություններում «բոյկոտ» տերմինը չեն օգտագործել: Այս օրերին բոլոր երեքի շարքերն էլ սոցիալական ցանցերում շրջանառում են ընտրությունները բոյկոտելու թեման, անգամ տեղային նախաձեռնություններ են լինում, այդուհանդերձ քաղաքական մակարդակով նման որոշում չի կայացվել: Պատճառը, թերևս, այն է, որ այդ որոշումը կարող է դառնալ մահախոսական. եթե վստահեցնում ես, որ հսկայական էլեկտորատ ունես ու նման նախաձեռնությամբ ես հանդես գալիս, Հայաստանի պայմաններում վտանգ կա, որ ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ կապահովվի ու կպարզվի, որ էլեկտորատը ոչ թե քոնն էր, այլ… օրինակ, ընտրակաշառքինը: Ուստի ռիսկի դիմել ոչ ոք չի ցանկացել ու նախընտրել է «չառաջադրվելու ու չսատարելու» մարտավարությունը:
Բոլոր դեպքերում անհրաժեշտ է ֆիքսել, որ նշված երեքից որևէ մեկը քաղաքական մակարդակով ընտրությունները չի բոյկոտում: Սա անհրաժեշտ է արձանագրել այն պատճառով, որ հետագայում թեման անտեղի շահարկումների առիթ չտա:
Ինչ վերաբերում է ընտրված մարտավարությանը, ապա չի կարելի չնկատել, որ այն ևս պակաս վտանգավոր չէ: Եթե դու քաղաքական ուժ ես ներկայացնում, եթե ներկայանում ես որպես թիմ, ով ընդունակ ու կարող է ձևավորել օրակարգ, ըստ օրակարգի կառավարել առկա հնարավորությունները, ապա պարտավոր ես ցանկացած իրավիճակում ներկայացնել մոտեցում և ստանձնել պատասխանատվություն: Մինչդեռ ընտրված տարբերակը որևէ պատասխանատվություն չի ենթադրում:
Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի կեցվածքն ուղիղ առնչություն ունի իշխանության հարցին: Իշխանություն` լայն իմաստով: Որևէ մեկը չի կարող պնդել, որ այս քաղաքական ուժերը, հատկապես դրանց գլխին կանգնած մարդիկ, իշխանություն չունեն: Խոսքը պետական իշխանության մասին չէ, այլ այն մասին, որ նրանք էլ իրենց չափով կարող են որոշակի շրջանակների համար (կուսակցականներ, համախոհներ) վարքի համապարտադիր նորմեր հրապարակել, ուղղորդել ու հրահանգավորել (ու դեռ հարց է` հրապարակում միտինգի հավաքվածների համար պետական իշխանությունն է ավելի ազդեցիկ, թե հարթակում կանգնածներինը): Եթե խնդիրն այս կտրվածքով ենք դիտարկում, ստացվում է, որ այս ուժերը հրաժարվում են որևէ կերպ առաջնորդել, ուղղորդել կամ գոնե հրահանգավորել իրենց համախոհներին, էլեկտորատին: Մի բառով` հրաժարվում են պատասխանատվության տակ մտնել:
Իսկ թե ինչ արդյունքի կարող է բերել պատասխանատվությունից խուսափելով քաղաքականությամբ զբաղվելը, դժվար չէ կռահել: