Անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից(տեսանյութ)
Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Այս մասին ահազանգում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:
Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար, կարելի է ասել` գրեթե անհնարին բան է. ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին անտանելի տոթ է: Այդ պատճառով տնակային ավաններում հատկապես երեկոյան ժամերին ծխնելուզներից քուլա-քուլա թափվող ծխից շնչահեղձ կարելի է լինել:
Դժբախտաբար, տնակներում ապրողերի համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն, ասենք` ձմռան ամիսներին անվճար կամ գոնե մատչելի գնով վառելիք չի տրամադրվում:
Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու տնակային ավաններից մեկը: Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկ և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է: