Բլից. Ո՞ր թեկնածուի օգտին կկողմնորոշվի ՀՅԴ-ն
Ի վերջո` ի՞նչ ասել է քաղաքական ուժի համար չմասնակցել նախագահական ընտրություններին: Այն էլ երկարամյա քաղաքականապես ակտիվ կենսագրություն ունեցող ուժի համար: Panorama.am-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
-Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն բոյկոտելո՞ւ է նախագահական ընտրությունները:
-Ոչ, որովհետև բոյկոտ նշանակում է անտարբեր լինել ընտրությունների նկատմամբ: Իսկ մենք, հակառակը, կոչ ենք անում, որ մեր քաղաքացիները ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններին, ընդհուպ իրենց նախընտրած թեկնածուին ընտրելու կամ բոլորին դեմ արտահայտման միջոցով: Բայց նախագահական ընտրություններին մասնակցությունը անհրաժեշտություն է, որովհետև երկրում փոփոխությունները, այնուամենայնիվ, պետք է տեղի ունենան ընտրությունների միջոցով:
-Իսկ Դաշնակցությունը պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ դիմել իր էլեկտորատին` հայտարարությամբ, հորդորով և այլն:
-Գերագույն Ժողովի որոշմամբ և հայտարարությամբ արդեն հստակեցրել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ ՀՅԴ ԳՄ-ն հնարավորություն ունի այս ընթացքում ու ըստ հարկի հանդես գալու հայտարարությամբ, որպեսզի կողմնորոշի կուսակցականներին ու համակիր ընտրողներին: Այս պահի դրությամբ այն, ինչ ասված է հայտարարության մեջ դա է պահպանվում, ԳՄ-ն այլ բան դեռ չի որոշել:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշումը փոփոխվի ըստ զարգացումների, թե՞ լուրջ զարգացումներ էլ չեք էլ ակնկալում:
-Անպայման քննարկումներ լինելու են, որոնք կախված կլինեն իրավիճակից և ըստ այդմ հանդես կգանք: Բայց այս պահին հստակ է մեր դիրքորոշումն առ այն, որ գործող իշխանությանը Դաշնակցությունը չի աջակցում ու չի պաշտպանում, իսկ այլ թեկնածուների առումով քննարկումների ժամանակ արդեն կերևա:
-Այսինքն` Դուք չեք բացառում, որ կարող եք սատարել նախագահի որևէ թեկնածուի:
-Բացառման խնդիր այս պահին չենք կարող քննարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան