«Այսօրվա Ադրբեջանը երկու բրենդ ունի, մեկը՝ նավթն է, մյուսը՝ սուտը, և այսօր սուտը գերակայում է»
«Պետք է ոչ թե արձագանքել մշակույթի ոլորտում ադրբեջանական յուրաքանչյուր ստի, այլ՝ պայքարել դրա դեմ ամբողջությամբ՝ համաշխարհային մակարդակով», - այսօվա ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը:
Ըստ բանախոսի՝ պետք է ստեղծվի միջազգային մի կառույց, որը համապատասխան միջոցներ կձեռնարկի մշակութային կեղծարարության դեմ:
«Ադրբեջանի կեղծարարությունն ուղղվել է ոչ միայն հայության դեմ, այլ նաև՝ Իրանի, և դրանով՝ համամարդկային արժեքների դեմ է», - ասաց նա, հավելելով. «Այսօրվա Ադրբեջանը երկու բրենդ ունի, մեկը՝ նավթն է, մյուսը՝ սուտը, և այսօր սուտը գերակայում է»:
Երաժիշտի խոսքով՝ արվեստի, գրականության, երաժշտության և մշակութային այլ ոլորտներում ադրբեջանական զեղծարարությունը դարձել է անսահման, փորձ է արվում «արմատներ գցել» նույնիսկ ժայռապատկերներից:
«Իրանական ուշմիջնադարյան մշակութային այնպիսի գործիչներին, ինչպիսին Ֆիզուլին է, Խականին, հանճարեղ այլ բանաստեծներ, աշուղներ, անպատիժ ներկայացվում են որպես ադրբեջանական: Չեմ ասում, թե քանի անգամ փորձ են արել ներկայացնել որպես ադրբնեջանցի մեր Սայաթ Նովային», - նշեց նա:
Խոսելով թառը, որպես ադրբեջանական երաժշտական գործիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունելու մասին՝ Դանիել Երաժիշտը շեշտեց, որ քոչվորական ծագում ունեցող ազգը չի կարող ստեղծել զուտ երկրագործական բնույթ ունեցող նվագարան: «Զարմանալին այն է, որ նույնիսկ ռուսական գրականության մեջ մենք տեսնում ենք, որ թառը ներկայացվում է որպես իրանական, ադրբեջանական, հայկական, դաղստանական երաժշտական գործիք», - ասաց նա՝ ներկայացնելով դեռ խորհրդային տարիներին հրատարակված մի գիրք՝ թարահանների մասին, որը ներկայացնում է դեռ 19-րդ դարի հայտնի թառի դպրոցները և համույթները, որոնք մեծամասամբ հայկական էին», - ասաց նա:
«Եթե Իրանը կարողանա ՅՈՒՆԵՍԿՕ-ին ապացուցել, որ թառը իրանական է, մենք մենակ կուրախանանք, որ ադրբեջանական հերթական կեղծիքը հերքվել է», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Դանիել Երաժիշտը: Ըստ բանախոսի՝ կարևոր չէ, թե ումն է թառը, այլ կարևորը այն է, որ հաղթի ճշմարտությունը: