Դումանյան. «Այս տարի մենք ունենալու ենք ամենաթափանցիկ, ամենաարդար ընտրությունները»
«Կարծում եմ, որ այս տարի մենք ունենալու ենք ամենաթափանցիկ, ամենարդար ընտրությունները, և բոլորս միասին ականատես կլինենք, որ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա միաժամանակ նշեց, որ չի ցանկանում առանձնացնել կամ կանխատեսումներ անել, թե նախագահի թեկնածուներից ով է ամենաուժեղը կամ մրցակցության մեջ ով ինչ հնարավորություններ ունի:
«Ւհարկե կան քաղաքական ճանապարհ անցած թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, ովքեր բավականին փորձառու քաղաքական գործիչներ են, բայց նաև պետք է տեսնենք, թե նրանք ինչպես են կազմակերպում իրենց քարոզարշավը, ինչ քաղաքական կարգախոսներով են հանդես գալիս, ինչ ծրագիր են ներկայացնում: Բնականաբար, յուրաքանչյուր ընտրող առաջին հերթին պետք է դրանց գնահատական տա և դրա հիման վրա քվերարկի»,- ասաց Դ.Դումանյանը:
Հարցին, թե համամիտ է ՀՀԿ-ականների այն տեսակետի հետ, թե բոլորը պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, Դ.Դումանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում՝ թեկնածուները այդ մասին կասկածում են: Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուն իհարկե ֆավորիտ է և հաղթող թեկնածու է»: Հարցին, թե դա չի նշանակում է, որ ընտրությունները կլինեն ոչ մրցակցային, նախարարը չհամաձայնեց՝ ասելով, որ ընտրությունները կլինեն մրցակցային: «Դա ոչ իմ ասելով է լինում, ոչ որևէ մեկի: Դա որոշում է մեր ազգաբնակչությունը: Ում կտան իրենց քվեն, ապա նա էլ կլինի հաղթող»,- նշեց Դ.Դումանյանը: