Հենրիխ Մխիթարյանը` «Զվեզդա» մրցույթի հաղթող
«Սպորտ Էքսպրեսի» «Զվեզդա» մրցանակը, որը տրվում է հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստին, այս անգամ բաժին է հասել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նույն թերթի թղթակցին տված հարցազրույցում հայ ֆուտբոլիստը հայտարարել է, որ իրեն աստղ չի համարում:
- Հենրիխ, շնորհավորում եմ մեր մրցույթում տպավորիչ և արժանի հաղթանակի առթիվ: Ինչպե՞ս եք վերաբերվում անհատական մրցանակներին:
- Դրանք ստանալը, չեմ թաքցնի, շատ հաճելի է, սակայն միայնակ երբեք ոչինչ չես կարող շահել: Յուրաքանչյուր անհատական մրցանակ, ամեն դեպքում, ողջ թիմի վաստակն է: Ուստի ձեր մրցանակի համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ բոլոր խաղընկերներին:
- Եթե խոսենք մեր այսօրվա մրցույթի մասին, ապա պետք է նշենք, որ Դուք Շևչենկոյի, Ակինֆեևի, Արշավինի հետ նույն շարքում եք, իսկ եթե մրցանակի արմատներին հասնենք, ապա նույն շարքում եք Վորոնինի, Ստրելցովի ու Բլոխինի հետ: Արդեն Ձեզ անհատականություն համարո՞ւմ եք` հավասար լավագույններին:
- Ոչ, ինչ եք ասում: Ընդհանրապես` ես ինձ աստղ չեմ համարում և մինչև մեծագույններին հասնելը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ: Նրանց մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել ու աշխատել:
- Բայց անցած տարվա ընթացքում դուք հսկայական քայլ կատարեցիք աստղերին հասնելու ճանապարհին: Ինքնագնահատականդ ինչ-որ չափով աճե՞լ է:
- Սկզբունքորեն ճիշտ չէ, որ ինքս ինձ գնահատեմ: Իմ գործը խաղադաշտ մտնելն ու թիմին օգտակար լինելն է: Երբ դա ստացվում է, լավ զգացումներ եմ ունենում, բայց դրանք ինչ-որ ինքնահավանության պատճառ չեն կարող լինել:
- Արդյունավետության ցնցող բռնկումը` նույնպե՞ս: Դուք ինքներդ ինչպե՞ս կբացատրեք այն: Միայն թե չխոսեք խաղընկերների մասին. նրանք նույն այդ տարվա ընթացքում չեն փոխվել:
- Հավանաբար, դա կատարած աշխատանքի արդյունքն է: Շատ եմ ուսումնասիրել իմ գործողությունները, հատկապես` սխալները վճռորոշ դրվագներում: Գոլային պահեր նախկինում էլ ունեի: Գիտե՞ք, վերջին ժամանակներս ես ավելի վստահ եմ գոլային պահերն իրացնելիս:
- Նման վստահության հասնելու համար ինչ-որ գաղտնիք կա՞:
- Միայն ճիշտ աշխատանքը մարզումների ժամանակ: Նաև` գործին պրոֆեսիոնալ մոտեցումը: Իմ սեփական փորձով համոզվել եմ, որ բարձր մակարդակի ֆուտբոլում մանրուքներ չկան: Ինչպե՞ս ես հանգստացել նախօրեին, ի՞նչ ես կերել, ինչպե՞ս ես քնել. դրանք բոլորն էլ այս կամ այն կերպ անդրադառնում են խաղի վրա: Եվ ստացվում է փոխկապակցված շղթա. լավ ես պատրաստվել, ուժեղ ես խաղում, բարձրացրել ես վստահությունդ, ավելի շատ ես խփում:
- Կար ժամանակ, երբ հիանում էիք Զիդանի խաղով: Այժմ կա՞ այնպիսի խաղացող, ով օրինակ է Ձեզ համար:
- Շատերը` Մեսսին, Խավին, Ինյեստան, Քրիշտիանու Ռոնալդուն: Ցանկացած ֆուտբոլիստ կուզենար խաղալ նրանց պես:
- Իսկ եթե խոսենք Ձեր դիրքի մասին, դուք ինչպես կանվանեք այն` հարձակողական ոճի կիսապաշտպա՞ն, թե՞ երկրորդ հարձակվող:
- Կարելի է և կիսապաշտպան, և երկրորդ հարձակվող անվանել: Սկսում եմ խաղալ իմ գոտում, բայց հետո անհրաժեշտություն է առաջանում և հետ գնալ, և առաջ: Ամեն ինչ որոշվում է ըստ իրավիճակի: Եթե խոսենք այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հանդես են գալիս այդ դիրքում, լավագույնները, ըստ իս, Օզիլն ու Ռունին են:
- Ձեզ ինչ-որ կերպ համեմատո՞ւմ եք նրանց հետ:
- Դա անօգուտ աշխատանք է: Հարկավոր է ոչ թե համեմատվել, այլ խաղալ` ամեն ինչ անելով` հասնելու լավագույն մարզավիճակի:
- Բայց «Շախտյորն» այժմ այնքան ամբիցիոզ է, որ, այսպես թե այնպես, պայքարելու է եվրոպական ֆուտբոլի առաջատարների հետ:
- Այո, մեր թիմը շատ բարձր նպատակներ ունի: Բայց չարժե աբստրակտ մտածել. ահա, առջևում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կարևորագույն խաղերն են, նշանակում է` պետք է պատրաստվենք և մտածենք այն մասին, թե ինչպես դիմակայենք հենց այդ մրցակցին` անպայման հաղթելու համար:
- Եկեք, այնուամենայնիվ, խոսենք Ձեր սեփական պլանների մասին: Որքա՞ն հեռուն են ձգվում դրանք, ո՞ր ակումբում կցանկանայիք խաղալ:
- Իմ պայմանագրի ժամկետը «Շախտյորի» հետ կավարտվի 2015 թ., և ես ամեն ինչ կանեմ` իմ թիմին օգնելու համար: Եվ միայն այդ մասին եմ մտածելու: Իսկ եթե ինչ-որ տրանսֆերային թեմա հայտնվի, ապա որոշումը կկայացնի միայն ակումբի ղեկավարությունը: Առայժմ իմ սեփական պլանները կապված են «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայում հնարավորինս շատ առաջ գնալու, ինչպես նաև Հայաստանի հավաքականում հաղթանակների հետ:
- Ուկրաինայի առաջնության մասին արդեն չե՞ք խոսում:
- Ցավոք, մրցակցության մակարդակն առաջնությունում շատ ցածր է: Չեմպիոնների լիգան անհամեմատելիորեն ավելի ծանր մրցաշար է:
- Մակարդակների նման տարբերությունը խանգարո՞ւմ է եվրոպական ասպարեզում:
- Ըստ իս` եթե խաղայինք Անգլիայում կամ Իսպանիայում, Չեմպիոնների լիգայում հաջողություններն ավելի մեծ կլինեին:
- Այդ առումով ԱՊՀ-ի առաջնությունը չի՞ օգնի:
- Հետաքրքիր գաղափար է, բայց ես չէ, որ պետք է դատեմ, թե որքանով է այն իրատեսական: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով, նրանք էլ կորոշեն` անցկացնե՞լ այդ մրցաշարը, թե՞ ոչ…