Կ. Բեքարյան. Եվրոպացիների համար վիզայի վերացումը հոգեբանական նշանակություն ունի
«Հայաստանի կողմից միակողմանիորեն Եվրամիության և Շենգեն գոտու անդամ պետությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացումը նախևառաջ ունի հոգեբանական գործոն և ամրապնդում է այն ընկալումը, որ Հայաստանը նույնպես Եվրոպա է»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կամակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի 4-ին կառավարության ընդունած որոշման համաձայն` Եվրամիության անդամ 27 պետությունների և ԵՄ անդամ չհանդիսացող, բայց Շենգեն գոտու անդամ-պետությունների Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիներն այսօրվանից կարող են ազատ մուտք գործել Հայաստան:
Այս առնչությամբ Կ. Բեքարյանից հետաքրքրվեցինք, թե մուտքի վիզայի ռեժիմի վերացումը ի՞նչ խոչընդոտներ կհաղթահարի, որ մինչ այսօր ուներ եվրոպացին, Հայաստան ժամանելիս:
Ի պատասխան քաղաքագետը նշեց, որ խոչընդոտը անպայման չպետք է դիտարկել տեխնիկական կամ ֆինանսական առումով. «Հայաստան մուտք ունենալու տեխնիկական որևէ խոչընդոտ չկար: Ֆինանսականի դեպքում եկող եվրոպացու համար գումարը չեմ կարծում, որ կարելի է նրա համար դիտարկել որպես խոչընդոտ: Շատ ավելի էական գործոն կա՝ հարցի հոգեբանական ասպեկտը: Այսինքն եվրոպացին, որը ընդհանուր եվրոպական միջավայրում կարողանում է անարգել և ազատ շրջել՝ չունենալով մուտքի արտոնագիր ստանալու ոչ մի խնդիր, ստացավ հնարավորություն նույն այդ միջավայրում անարգել և ազատ մուտք ունենալ Հայաստան»,- ընդգծեց Կ. Բեքարյանը:
Փորձագետի կարծիքով, այդ քայլով լուծվեցին մի քանի ածանցյալ հարցեր ևս՝ մասնավորապես կապված Սփյուռքի հետ: «Եվրոպական երկրների քաղաքացիների մեջ շատ կան հայեր»,- հիշեցրեց Կ. Բեքարյանը` նշելով, որ այսուհետ նրանք անխոչընդոտ մուտք կունենան հայրենիք:
«Բացի այդ, մեծացավ Հայաստանում Եվրամիության և եվրոպական պետությունների կողմից որևէ տարածաշրջանային կամ միջազգային միջոցառում անցկացնելու հնարավորությունը, քանի որ նման միջոցառումների անցկացման համար մուտքի արտոնագրի խոչընդոտի բացակայությունը Հայաստանը դարձնում է գրավիչ համապատասխան որոշում ընդունելու համար: Եվրոպական պետությունների և նրանց քաղաքացիների համար մենք դարձանք ավելի բաց, ինչպես ԱՊՀ երկրների կամ Ռուսաստանի համար՝ սրանով բխող շատ հոգեբանական հետևանքներով»,- նկատեց քաղաքագետը:
Խոսելով Եվրամիության և Հայաստանի միջև մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ կնքված պայմանագրի մասին, որի համաձայն որոշակիորեն դյուրացվել է մուտքի արտոնագիր ստանալը մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, փորձագետը նշեց, որ դա կարելի է դիտել որպես Հայաստանի կողմից համապատասխան որոշմանն արված պատասխան քայլ:
«Եթե խոսելու լինենք եվրաինտեգրման մասին, ապա միջանձնային շփման դերը դրանում ունի շատ մեծ կարևորություն: Եվ եթե մենք այսօր մուտքի արտոնագրի դյուրացման պայմանագիր ունենք, որը ես դիտում եմ առաջին էտապ վիզային ռեժիմի վերջնական վերացման ճանապարհին, ապա դա մեծապես նպաստելու է միջանձնային շփումներին: Իսկ սա եվրաինտեգրման ամենամեծ բաղադրիչն է, ցանկացած ֆորմալ գործընթացներից ավելին»,- եզրափակեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները