Տիգրան Սարգսյան. «2013թ-ին պետք է լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան»
ՀՀ կառավարության այս տարվա առաջին նիստը սկսվեց տոնական շնորհավորանքներով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց կառավարության անդամներին` ասելով, որ 2012թ-ը լարված աշխատանքային տարի էր, բայց կարողացան արձանագրել հաջողություններ:
«2013թ-ին մեզ նույնպես լարված աշխատանք է սպասվում: Մեզ անհրաժեշտ է, որ լինենք լավատես և լավատեսությամբ նայենք դեպի ապագան, հատկապես, որ Ձեզ հետ միասին ստեղծել ենք լուրջ հիմքեր 2012թ-ին: Առաջին հերթին դրա մասին վկայում են այն միջազգային վարկանիշները , որոնք հրապարակվեցին նախորդ տարի, մասնավորապես, արձանագրեցինք բիզնես միջավայրի բարելավում, ՏՏ ոլորտում լրջագույն առաջընթաց»,- ասաց Տ.Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ The Heritage Foundation-ի և The Wall Street Journal-ի հրապարակած տնտեսական ազատության ինդեքսում ևս արձանագրել են առաջընթաց, բարելավվել են դիրքերը, ինչը, ըստ Տ.Սարգսյանի, նույնպես ստեղծում են լավատեսության հիմքեր, որ 2013թ-ին ևս կկարողանան բարեփոխումներն առաջ տանել: «Սա կարևորագույն ինդեքս է, որը գտնվում է ներդրողների ուշադրության կենտրոնում: Բնականաբար այս ինդեքսի բարելավումը մեզ համար նույնպես ունենալու է էական նշանակություն»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:
Նշենք, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը գտնվում է 38-րդ տեղում, Վրաստանը` 21-րդ, Թուրքիան` 69-րդ, Ադրբեջանը` 88-րդ, Իրանը` 168-րդ տեղում: