Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադաձել է Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներին: Ինչպես տեղեկանում ենք պետքարտուղարության պաշտոնական կայքից, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՌԴ-ում USAID գործունեության դադարեցման, որդեգրման մասին պայմանագերերի խզման համատեքստում ինչպիսին է ներկայումս իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում և արդյոք ՌԴ-ն հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը, Նուլանդն ասել է. «Ինչպես տեղյակ եք, Միացյալ Նահանգները դաշնակից է հիմնականում կոչում այն պետություններին, որոնց հետ ունի փոխադարձ ռազմնական պայմանագրային պարտավորություններ: Ռուսաստանը երկար ժամանակ եղել է ԱՄՆ -ի գործընկերը մի շարք հարցերում, որտեղ համատեղ աշխատանք է տարվել: Կարծում եմ, մեր հիմնական մոտեցումը նախկինի նման կայանում է Ռուսաստանի հետ հնարավորինս շատ հարցերում համագործակցության շարունակման մեջ, անկախ այն հանգամանքից դրանք երկկողմ բնույթի են, թե տարածաշրջանային, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կամ միջազգային, ինչպես Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն»:
Այնուհանդերձ, պետքարտուղարության ներկայացուցիչը առանձնացրել է երկու պետությունների միջև մի շարք հարցերում ունեցած տարաձայնությունները, ինչպես օրինակ Սիրիայի վերաբերյալ, որդեգրման պայմանագրերի վերացման, Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակի և մարդու իրավունքների ոլորտում, որոնք, ինչպես Նուլանդն է ձևակերպել, ավելի խոցելի են հենց Ռուսաստանի համար:
«Մենք կշարունակենք համագործակցության ճանապարհով ընթանալը որտեղ հնարավորություն կտեսնենք, սակայն միաժամանակ անկեղծ կլինենք մեր տարակարծություններում», - եզրափակել է Նուլանդը: