Իրանցի պաշտոնյա. Կասպից ծովն ամենաշատն աղտոտում է Ադրբեջանը
Կասպից ծովն ամենաշատն աղտոտում է Ադրբեջանը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ ազգային օվկիանոսագիտության կազմակերպության նախագահ Վահիդ Չեգինին:
Իրանի ազգային օվկիանոսագիտության կազմակերպության նախագահը նշել է, որ իրենց կազմակերպությունը ներկայում մի նախագիծ է մշակում, որը կարողանում է մոդելավորել Կասպից ծովի ջրի հոսքը, և այդ պարագայում հնարավոր է որոշել, թե որ մասից են աղտոտված ջրերը մուտք գործում ծովի իրանական տարածք:
Իրանցի պաշտոնյան, անդրադառնալով Կասպից ծովի աղտոտման խնդիրներին, մասնավորապես նշել է. «Կասպից ծովն ամենաշատն աղտոտվում է Ադրբեջանի կողմից: Ցավոք այդ երկրի հետ ստորագրված փոխըմբնման հուշագիր չունենք, սակայն այդ մոդելավորումը կօգնի որոշել ծովի աղտոտվածության աստիճանը»:
Նշենք, որ Իրանի և Ադրբեջանի միջև բացի էկոլոգիական խնդիրներից, որոշակի տարաձայնություններ գոյություն ունեն նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի առնչությամբ:
Այդ առնչությամբ՝ Իրանի նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին, օրերս անդրադառնալով Կասպից ծովում գտնվող «Սարդար Ջանգալ» նավթահանքի պատկանելիության շուրջ Ադրբեջանի պնդումներին, մասնավորապես նշել է. «Դա ուղղակի պնդում է. Մենք այդ հանքավայրում ներկայում հետախուզական աշխատանքներ ենք իրականացնում: «Սարդար Ջանգալը» գտնվում է Իրանի տարածքում և ամբողջովին պատկանում է Իրանին»:
Հիշեցնենք, որ վերջերս Էներգետիկ տեղեկատվության միջազգային կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ Իրանի կողմից Կասպից ծովում նավթի խոշոր հանքավայր հայտնաբերելուց հետո Ադրբեջանը պնդում է, որ այդ նավթի հանքը պատկանում է իրեն և գտնվում է իր ջրային տարածքներում:
Զեկույցի հեղինակները նշել էին, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների միջև առկա տարաձայնությունների պայմաններում յուրքանչյուր նոր հանքավայրի հայտնաբերում ավելի է խորացնում նրանց տարաձայնությունները:
Նկատենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Իրանը 2012թ. ընթացքում Կասպից ծովում բարձրորակ նավթի երկու խոշոր հանքավայր է հայտնաբերել, որոնց նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է համարվում:
Այդ առնչությամբ՝ Իրանի Նավթի ազգային ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը գտնվում է Իրանի տիրապետության տակ գտնվող ջրերում և Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին չունի դրանից:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան