Ինչո՞ւ է կաշառքի համար մեղադրվող նախկին պաշտոնյաների դատը Պապոյանն անցկացնում ամիսը մեկ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ դեռ 2012-ի մարտից սկսվել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության նախկին գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանի ու Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի գործով դատաքննությունը:
Ըստ քրեական գործի նյութերի, Կարեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունում որպես գլխավոր մասնագետ 2007–ի գարնանը և ամռանը, Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի մոտ, անձամբ, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի միջոցով, Լարիսա Իսպիրյանից ստացել է խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք:
Այդ գումարով, ըստ նյութերի, նա այնպես է արել, որ անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանի օգտին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված, Լարիսա Իսպիրյանին պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշում ընդունվի։
Իսկ Գագիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանին պատկանող Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու և տաղավարն օրինականացնելու համար 2007–ի գարնանը և ամռանը դրդել է Լարիսա Իսպիրյանին կաշառք տալ Կարեն Միքայելյանին:
Կարեն Միքայելյանն ու Գագիկ Դանիելյանը դեռ նախորդ տարվա սկզբից կալանավորված են, և նրանց կալանքի ժամկետը պարբերաբար երկարացվում է:
Հատկանշական է, որ այս գործով դատական նիստերն անցկացվում են ամսական մեկ կամ 15-20 օրը մեկ անգամ: Օրինակ, ըստ Դատական տեղեկատվական համակարգի, նախորդ տարվա ամռանը այս գործով երկու նիստ կայացել է հուլիսին, մեկական նիստ օգոստոսին ու սեպտեմբերին, երկու նիստ 20 օր ընդմիջումով` հոկտեմբերին ու նոյեմբերին և վերջին նիստը` դեկտեմբերի 18-ին: Հաջորդ դատական նիստը նախատեսվում է հունվարի 18-ին:
Այդ կապակցությամբ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գործով անցնող մեղադրյալ Գագիկ Դանիելյանի պաշտպան Կիմա Սարյանն ասաց, որ դատավորն ավելի շուտ չի կարող նիստ նշանակել, քանի որ դատարանը ծանրաբեռնված է աշխատում: Այդպես Դանիելյանի պաշտպանական կողմին ասել է Մխիթար Պապոյանը:
Փորձեցինք պաշտոնապես հստակեցնել` ինչո՞ւ է այդքան ուշ հաճախականությամբ Մխիթար Պապոյանը այս գործով դատական նիստեր անցկացնում: Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության ղեկավար Արսեն Բաբայանը նախ ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այնուհետև հավելեց. «Մխիթար Պապոյանը միջինում 25 գործ ունի իր վարույթում: Օրական 9:30-ից 18:00-ն անդադար նիստեր է անցկացնում` օրական 3 կամ 4 նիստ և բացի այդ էլ, իրեն հասնող 40 օրյա արձակուրդից հասցնում է օգտվել միայն 15 օրը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա