Սամվել Հարությունյան. «2012թ-ին գիտության ոլորտում բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին»
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ամփոփելով իր ղեկավարած կառույցի 2012թ-ի գործունեության արդյունքները, նշեց, որ գիտության ոլորտի համար հաջող տարի էր, ունեցել են բավականին մեծ ձեռքբերումներ:
«Ւհարկե նաև բացթողումներ կային, բայց ձեռքբերումներն ավելի շատ էին: Հուսով եմ, որ դա նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի 2013 թ-ին ունենանք ավելի շատ հաջողություններ»,- ասաց Ս.Հարությունյանը:
Խոսելով ձեռքբերումներից, նա հատկապես կարևորեց գիտությունը իրավական դաշտ բերելը: Մասնավորապես, առանձնացրեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նախագծի մշակումն ու ՀՀ կառավարության կողմից «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագծի ընդունումը: Բացի այդ, անցած տարի Կառավարության կողմից ընդունվել է Հայագիտության զարգացման հայեցակարգը, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թթ. ռազմավարությունն ու ժամանակացույցը:
Ս.Հարությունյանը նշեց, որ 2012թ-ին բացի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացված ֆինանսավորումից, պետական աջակցությամբ ֆինանսավորվել են մի շարք այլ ծրագրեր, մասնավորապես, պետական միջոցներով իրականացվել է 200 գիտական գործուղում, ինչպես նաև ձեռք են բերվել 100 մլն դրամից ավելի արժողությամբ գիտական սարքավորումներ:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը, Ս.Հարությունյանը նշեց, որ 2012թ-ը նպաստավոր է եղել նաև միջազգային համագործակցության առումով: Ըստ նրա՝ անցյալ տարի կնքվել է միջազգային համագործակցության 5 փաստաթուղթ, իսկ վերջին 5 տարիների կտրվածքով, այդ թիվը հասնում է 30-ի: Մասնավորապես, նախորդ տարի ստորագրվել են ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի և Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում գիտական մրցույթի անցկացման մասին» և «ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի և Thomson Reuters ընկերության միջև համագործակցության մասին» պայմանագրերը, «Գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացման միջազգային համագործակցության աջակցման նորարարական կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել են «ՀՀ ԿԳՆ Գիտպետկոմի և Շանհայի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի միջև համագործակցություն հաստատելու մասին», «ՀՀ ԿԳՆ և ՉԺՀ կրթության և տեխնոլոգիաների նախարարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին» հուշագրերը:
«Մենք Չինաստանի հետ ունենալու ենք լուրջ համագործակցություն: Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան 11,8 տրիլիոն դոլար է կազմում, իսկ դրա 1, 2 %-ը՝ 150 մլրդ դոլարը ծախսում է գիտության վրա: Չինաստանի նման երկրի հետ գիտության ոլորտում համագործակցությունը համարում եմ մեծ ձեռքբերում»,- ասաց Ս.Հարությունյանը:
Անդրադառնալով 2013թ-ի գիտության ոլորտի ֆինանսավորմանը, Ս.Հարությունյանը տեղեկացրեց, որ ոլորտին հատկացվող գումարներն այս տարի ավելացել են, մասնավորպես, այս տարվա բյուջեն աճել է 13.3%-ով և կազմում է 11.5 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է աշխատանքներին, նշեց, որ այս տարի կհայտարարվի գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթ, ինչը շարունակական բնույթ կկրի: «Այսուհետ, ամեն տարի 3-5 գիտական լաբորատորիաներ ենք գնելու: Պետությունը լուրջ գումարներ է նախատեսել գիտական սարքավորումների ձեռքբերման համար»,- ասաց Ս.Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա