Անդրիաս Ղուկասյանը 6 թեկնածուների կոչ է անում միասնական ինքնաբացարկ հայտնել
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը, ով «Ռադիոհայ»-ի տնօրենն է, բաց նամակ է հղել` մի քանի թեկնածուների և առաջարկել «միասնական ինքնաբացարկ» հայտնել:
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին
Հարգարժան պարոնայք,
Հանրությունը, որի իրավունքները երաշխավորված չեն, իսկ պետական իշխանությունը ամբողջությամբ գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության զրկված է իր Սահմանադրությունից։ Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում է հանրության շահերը պաշտպանելու պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք` ձևավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը։ Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։ Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաև հավատում եմ, որ Նախագահի մյուս թեկնածուները ևս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից։ Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչև ս. թ. հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության։
Հարգանքներով՝
Անդրիաս Ղուկասյան
Ք. Երեւան, 11 հունվարի, 2013թ.
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները