Պ. Հայրիկյան. Ահարոն Ադիբեկյանը արջի ծառայություն է մատուցում
«Ահարոն Ադիբեկյանին իմ բարեկամն եմ համարում, նա դա գիտի: Նրա նկատմամբ թշնամաբար տրամադրված չեմ, բայց նա հետևողականորեն աշխատում է ժողովրդին բարոյալքելու և Հայաստանը բռնապետական երկիր ներկայացնելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի հարցումներին, որոնց համաձայն ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանը մոտ 70 % ձայն կհավաքի, նշեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նրա դիտարկմամբ, ողջ աշխարհում սոցիոլոգիական հարցումների արդյունքների մատուցումը ունի քարոզչական բնույթ և համարվում է հասարակության վրա ազդեցություն գործող զորեղ զենքերից մեկը: Սակայն, ըստ նրա, Ա. Ադիբեկյանը պետք է իմանար, որ հարցումը օպտիմալ է համարվում, երբ հարցվողները 2000 մարդուց ավելի են լինում:
«Նա համարձակվում է ուղղակի նշել, որ հարցվել է հազար մարդ և շարունակում է ներկայացնել թվեր: Դա հակագիտական է: Նրա հարցումներում երկու շաբաթ առաջ ես ընդհանրապես չկայի, հետո սկսեց անունս հիշատակել, վերջերս խոսում է որոշակի տոկոսի մասին: Խոսքը իմ վարկանիշին չի վերաբերում: Պարզապես չի կարելի արջի ծառայություն մատուցել ՀՀ նախագահի թեկնածուներից որևէ մեկին: Գործող նախագահի օգտին քվեարկողների տոկոսն առավելագույնը կարող է հասնել 35-ի»,- համոզմունք հայտնեց ԱԻՄ առաջնորդը:
Panorama.am-ի հարցին, թե որքա՞ն է գնահատում իրեն կողմ քվեարկող ընտրողների տոկոսային հարաբերակցությունը, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Ահարոն Ադիբեկյանը երկու շաբաթ առաջ ասաց, որ Հայրիկյանը տոկոս չունի, բայց Հայրիկյանի ձայները անկանխատեսելի են: Հետո նա ասաց, որ Հայրիկյանն արդեն ունի 3%: Զրոյի տարբերությունը 3%-ից բավական մեծ է: 3%-ի տարբերությունը 51 %-ից շատ ավելի քիչ է, քան զրոյի տարբերությունը 3%-ից: Ես հավատում եմ մեր ժողովրդի ներսում ողջախոհության սրընթաց աճին և առողջ բանականությանը: Ես լավատես եմ»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը: